ԱՄՆ սենատոր Անգուս Քինգը մտահոգություն է հայտնել նախագահի վարչակազմի՝ Ուկրաինային օգնությունից հրաժարվելու որոշման կապակցությամբ՝ զրոյացնելով 2027 թվականի ռազմական աջակցությունը։

«Այս բյուջեի ասպեկտներից մեկը, որն ընդհանրապես հանրային հնչեղություն չի ստացել, այն է, որ դրանում Ուկրաինայի համար զրոյական ֆինանսավորում կա։ Դա ճի՞շտ է»,- հարցրել է Քինգը։

Պենտագոնի ներկայացուցիչ Ջուլս Հերստը պատասխանել է. «Ճիշտ է։ Այս բյուջեում USAI-ի գծով ֆինանսավորում նախատեսված չէ»։

«Անցյալ տարի Կոնգրեսի երկկուսակցական և երկպալատ ակտով հատկացվել էր 400 միլիոն դոլար։ Ի՞նչ եղավ այդ փողը։ Որքանով ես եմ հասկանում, ոչ մի դոլար չի բաշխվել»,- հարցրել է սենատոր Քինգը։

«Մենք կաշխատենք ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հետ, որպեսզի այդ միջոցներն օգտագործենք առավել պատշաճ կերպով։

Մենք ցանկանում ենք, որ Եվրոպան ակտիվանա և իր վրա վերցնի հիմնական բեռը։ Դրանք հարուստ երկրներ են՝ 20 տրիլիոն դոլար ընդհանուր տնտեսությամբ՝ ընդդեմ 2 տրիլիոնանոց տնտեսության։ Եվրոպան կարող է ավելին անել, և նա դա արեց մեր նախաձեռնության շնորհիվ։ Հենց դա է ցանկանում ամերիկացի ժողովուրդը՝ որպեսզի այլ երկրներն իրենց վրա ավելի շատ պարտավորություն վերցնեն։ Եթե դա այդքան կարևոր է Եվրոպայի համար, ուրեմն եվրոպական երկրները պետք է վճարեն դրա համար։ Սպառնալիքը շատ ավելի մոտ է եվրոպական երկրներին, և հենց նրանք պետք է ակտիվանան»,- պատասխանել է Հերստը։