NBC News-ի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գնալով ավելի ակտիվորեն է նախագահի անունն ու կերպարը կապում ԱՄՆ պետական օբյեկտների, ծրագրերի և նախաձեռնությունների հետ։
Հեռուստաալիքի տվյալներով,՝ արդեն խոսքը վերաբերում է առնվազն 12 նախագծի և վայրի, որոնք կապված են Թրամփի անվան հետ։
Դրանց թվում են՝ Վաշինգտոնի Քենեդու կենտրոնի վերանվանումը «Trump Kennedy Center», ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի անվան մեջ Թրամփի անվան օգտագործումը, ինչպես նաև նրա պատկերի հայտնվելը երկրի անկախության 250-ամյակին նվիրված ամերիկյան անձնագրերի հուշային ձևավորման մեջ։
Բացի այդ, վարչակազմը առաջ է մղում «Trump Accounts» նախաձեռնությունը՝ երեխաների համար դաշնային կուտակային հաշիվներ, և «TrumpRx»՝ դեղերի պետական զեղչերի ծրագիրը։
Թրամփի անունը նշվում է նաև հուշադրամների և նոր դոլարանոց թղթադրամների նախագծերում, որոնց վրա պետք է հայտնվի նրա ստորագրությունը։ Նախաձեռնությունների թվում է նաև նոր դասի ռազմական նավերը «Trump-class» անվանելու առաջարկը։
ԶԼՄ-ների տեղեկություններով, Թրամփի դիմանկարները սկսել են օգտագործել նաև ԱՄՆ ազգային պարկերի անցագրերի վրա՝ ավանդական բնապատկերների փոխարեն։ Վաշինգտոնի մի շարք դաշնային շենքերի վրա հայտնվել են նրա պատկերով մեծ պաստառներ։
Առանձին քննարկվում է նաև ԱՄՆ մայրաքաղաքում երկրի 250-ամյակին նվիրված լայնածավալ հաղթական կամարի նախագիծը, որը հայտնի է որպես «Arc de Trump» կամ «Independence Arch»։
NBC News-ը նշում է, որ գործող նախագահի անվան նման լայնածավալ օգտագործումը պետական նախաձեռնություններում և խորհրդանիշերում ԱՄՆ-ում ժամանակակից նախադեպեր չունի։





























