Ասիական զարգացման բանկը և Ճապոնիան այսօր հայտարարել են նոր համատեղ նախաձեռնության մասին, որի նպատակն է աջակցել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այն երկրներին և ձեռնարկություններին, որոնք բախվում են էներգակիրների գների բարձրացման խնդրին, և արագացնել անցումն ավելի կայուն էներգետիկ համակարգերի:

NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդան նշել է, որ զարգացող երկները էներգետիկ շուկաներում լարվածության պայմաններում կարիք ունեն աջակցության՝ ընթացիկ խնդիրները հաղթահարելու համար։
«Այս նախաձեռնությունը կօգնի մեր տարածաշրջանի ձեռնարկություններին մնալ ջրի երեսին, միաժամանակ կաջակցի անցմանը ավելի հզոր եւ կայուն էներգետիկ համակարգերի»,-ասել է ԱԶԲ նախագահը՝ նշելով, որ ակնկալում են նպաստել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում տնտեսական աճի արագացմանը։
«Այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել հակամարտությունից տուժած փոքր և միջին ձեռնարկություններին և նպաստել զարգացող անդամ երկրներում էներգետիկ կառույցների վերափոխմանը: Ճապոնիան կշարունակի սերտորեն համագործակցել ԱԶԲ-ի հետ ՝ հզորացնելու ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ջանքերը։ ԱԶԲ-ի անդամ զարգացող շատ երկրներ, ինչպես նաև նրանց մասնավոր հատվածը բախվում են սուր ճնշումների ՝ կապված վառելիքի գների անկայունության և մատակարարման սահմանափակումների հետ: Փոքր և միջին ձեռնարկությունները հատկապես տուժում են գործառնական ծախսերի աճից և իրացվելիության պայմանների խստացումից: ACCEL-ը հավատարիմ կմնա երկկողմանի մոտեցմանը։ Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում այն կնպաստի ավելի դիվերսիֆիկացված և կայուն էներգետիկ համակարգերի անցմանը ՝ ամրապնդելով տնտեսական և էներգետիկ կայունությունը Ասիաական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,– ասել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Սացուկի Կատայաման:
Նշենք, որ Ասիական զարգացման բանկն այսօր հայտարարել է նաև Ճապոնիայի կառավարության հետ ֆինանսական գործընկերության նոր մեխանիզմի ստեղծման մասին, որը նախատեսված է օգնելու ԱԶԲ-ի անդամ զարգացող երկրներին ամրապնդել աղետների դիմադրողականությունը և տարածաշրջանային համագործակցությունը:
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում մայիսի 3-6–ը տեղի է ունենում Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովը, որի շրջանակում Սամարկանդ են ժամանել ԱԶԲ–ի անդամ 69 երկների ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները, փորձագետներ, լրագրողներ։ Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը։





























