Իսրայելցի ռազմական պաշտոնյան հայտարարել է, որ եթե Իրանի՝ ավելի քան 400 կիլոգրամ մինչև 60% հարստացված ուրան պարունակող պաշարները դուրս չբերվեն Իսլամական Հանրապետությունից, ապա ամբողջ վերջին պատերազմը կհամարվի «մեկ մեծ ձախողում». հայտնում է Times of Israel-ը:
Իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են, որ այդ պաշարը բավարար է 11 միջուկային ռումբ պատրաստելու համար:
Իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) բարձրաստիճան սպան կարծում է, որ եթե Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների շրջանակում համաձայնություն ձեռք չբերվի ուրանի պաշարների վերացման և երկրում հարստացման դադարեցման վերաբերյալ, ապա 40 օրվա մարտական գործողությունների ձեռքբերումներն իզուր կլինեն:
«Եթե միջուկային նպատակը չիրագործվի, ապա այն ամենը, ինչ մենք արել ենք Իրանում, կդառնա մեկ մեծ ձախողում: Իրանական չարամիտ վարչակարգը կարող է հարված հասցնել միջուկային ծրագրի միջոցով»,- ասել է պաշտոնյան:
Սպան հավելել է, որ «եթե ուրանը Իրանից դուրս բերվի դիվանագիտական ճանապարհով, մենք կհամարենք, որ կատարել ենք մեր աշխատանքի մեր մասը»: Սակայն, եթե դա տեղի չունենա, Իսրայելին անհրաժեշտ կլինի ևս մեկ գործողություն սկսել Իրանում՝ դրված նպատակին հասնելու համար, կարծում են ՑԱԽԱԼ-ում:





























