Միացյալ Նահանգները մոտենում են Իրանի դեմ «լայնածավալ ռազմական գործողությունների» վերսկսմանը, հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

«Մենք ավելի մոտ ենք լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը, քան 24 ժամ առաջ, այն բանից հետո, երբ Իրանը գնդակոծել է ամերիկյան նավերը և հրթիռներով ու անօդաչու սարքերով հարվածներ հասցրել ԱՄԷ-ին», - հայտարարել են բարձրաստիճան պաշտոնյաները՝ մեկնաբանելով երկուշաբթի մեկնարկած ամերիկյան «Ազատություն» ռազմական գործողությունը, որի նպատակն է Պարսից ծոցում խրված առևտրային նավերը դուրս բերել Հորմուզի նեղուցով։

Միաժամանակ նրանք ընդգծել են, որ վերջնական որոշումը մնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հավելելով, որ ամերիկյան զինվորականները պատրաստ են գործողությունների։

ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության Մերձավոր Արևելքի ղեկավար (CENTCOM) Բրեդ Կուպերը նախօրեին հայտնել է, որ «Ազատություն» գործողության շրջանակում ամերիկյան ռազմածովային ուժերը ոչնչացրել են իրանական վեց ռազմական արագընթաց նավակ, որոնց թիրախը առևտրային նավերն էին։

«Տեղում գտնվող հրամանատարները ունեն իրենց և առևտրային նավագնացությունը պաշտպանելու համար անհրաժեշտ բոլոր լիազորությունները», - հեռուստաալիքին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ցանկացած հրամանատար կարող է հրաման տալ հարված հասցնելու, «եթե ամերիկյան ուժերը նկատեն արձակման կայանքների տեղաշարժ, հայտնաբերեն հրթիռներ կամ բացահայտեն առևտրային նավագնացությանը սպառնացող հնարավոր թիրախներ»։

«Մենք մեզ իրավունք ենք վերապահում վերացնել այդ սպառնալիքները։ Մեզ պետք չէ սպասել, մինչև Իրանը առաջինը կրակ բացի։ Մենք կարող ենք կանխատեսել և կանխարգելել», - նշել է զինվորականը։