Հարավային Կովկասը բնական կամուրջ է Եվրոպայի և Ասիայի, հատկապես՝ Կենտրոնական Ասիայի միջև։ Դրա մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Բատիր Տուրսունովը։

«Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ տարածաշրջանը զգալի ներուժ ունի դառնալու ոչ թե մրցակցության գոտի, այլ փոխկապակցվածության, երկխոսության և հաղորդակցության տարածք։ Կայուն խաղաղության հեռանկարը, տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը, ինչպես նաև փոխշահավետ տարածաշրջանային նախագծերի զարգացումը կարող են նոր հնարավորություններ ստեղծել ոչ միայն հենց Հարավային Կովկասի, այլև ավելի լայն եվրասիական համագործակցության համար։

Այսօր միջազգային համակարգը ենթարկվում է խոր և արագացված վերափոխումների, և այս պայմաններում տարածաշրջանային կազմակերպությունների դերը դառնում է է՛լ ավելի նշանակալի։ ՇՀԿ-ի կարծիքով՝ տարածաշրջանային կառույցները բաժանարար գործիքներ չեն։ Ընդհակառակը, դրանք կարող են և պետք է ծառայեն որպես հարթակներ երկխոսության, վստահության ամրապնդման, շահերի համակարգման և ընդհանուր մարտահրավերներին հավաքական արձագանքման համար։

ՇՀԿ փորձը հաստատում է դա։ ՇՀԿ-ն վստահության ամրապնդման տարածաշրջանային մեխանիզմից վերածվել է աշխարհի խոշորագույն անդրազգային կազմակերպություններից մեկի, որը միավորում է տարբեր քաղաքական համակարգեր, մշակութային ավանդույթներ, զարգացման մոդելներ և նույնիսկ արտաքին քաղաքական առաջնահերթություններ ունեցող պետությունների։

Չնայած այս տարբերություններին՝ կազմակերպությանը հաջողվել է պահպանել ներքին կայունությունը և հաստատել ամուր համագործակցություն։

Կարևոր է նշել, որ ՇՀԿ-ն ռազմաքաղաքական բլոկ չէ և ուղղված չէ երրորդ երկրների կամ կազմակերպությունների դեմ։

Կազմակերպությունը նաև մշակում է ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, անդրազգային հանցավորությանը, կիբերսպառնալիքներին և թմրամիջոցների շրջանառությանը հակազդելու մեխանիզմներ։ Մեկ այլ կարևոր ասպեկտ է այն, որ տարածաշրջանային կառույցները կարող են ծառայել որպես հարթակներ տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշումներ ներկայացնող պետությունների միջև ներառական երկխոսության համար։ Եվրասիայում, մասնավորապես, անհնար է կառուցել անվտանգության կայուն ճարտարապետություն բաժանարար գծերի, բլոկային առճակատման կամ «զրոյական գումարով խաղի» մոտեցման միջոցով։ Մենք կարծում ենք, որ հավասար և անբաժանելի անվտանգությունը պետք է մնա տարածաշրջանային համագործակցության հիմքում»,- նշել է Տուրսունովը։