Ապրիլին ԱՄՆ-ում գների աճի տեմպերը հասել են առավելագույնին 2023 թվականի մայիսից ի վեր, քանի որ սպառողները սկսել են ավելի սուր զգալ Իրանում պատերազմի հետևանքները:
Բենզինի և սննդամթերքի արժեքի թռիչքը սպառողական գների ինդեքսը (CPI), որն արտացոլում է գնաճի տարեկան տեմպը, հասցրել է 3,8%-ի նշագծին: Սա ամենաբարձր ցուցանիշն է այն ժամանակվանից ի վեր, երբ երեք տարի առաջ գնաճը հասել էր 4%-ի:
Աշխատանքի վիճակագրության բյուրոյի (BLS) տվյալներով՝ աճի գրեթե կեսը պայմանավորված էր էներգակիրների կտրուկ թանկացմամբ: Իրենց դերը խաղացին նաև բնակարանային և սննդի ծախսերի աճը:
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը և դրան հաջորդած Հորմուզի նեղուցի՝ որպես առանցքային տրանսպորտային ուղու փաստացի փակումը հանգեցրին նավթի համաշխարհային գների կտրուկ թռիչքի: Դա, իր հերթին, առաջացրեց վառելիքի գների բռնկում ԱՄՆ ներսում:
AAA ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով՝ չէթիլացված բենզինի մեկ գալոնի միջին գինը երկրում հասել է 4,50 դոլարի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2022 թվականի հուլիսից ի վեր:
Ապրիլյան գնաճի աճը (մարտի 3,3%-ից մինչև 3,8%) ծայրահեղ անհավանական է դարձնում ընթացիկ տարում Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների նվազեցումը: Wealth Club-ի ներդրումային մենեջեր Իսահակ Սթելը նշել է, որ ներկա դինամիկան ստիպում է կարգավորողին «լուրջ դիտարկել» նույնիսկ դրույքաչափերի բարձրացման հնարավորությունը:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ մի քանի օրից Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում Ջերոմ Փաուելին կփոխարինի Թրամփի դրածո Քևին Ուորշը: Նոր նախագահը մանևրելու չափազանց քիչ հնարավորություն կունենա, ինչը կարող է ստիպել նրան հավատարիմ մնալ պահպանողական մոտեցմանը: Դա հակասում է Դոնալդ Թրամփի ակնկալիքներին, որը բազմիցս հակամարտել է Փաուելի հետ և հույս ուներ, որ Ուորշը կսկսի նվազեցնել տոկոսադրույքները՝ տնտեսությունը խթանելու համար:
Գնաճի վերաբերյալ տվյալները լուրջ մարտահրավեր են ստեղծում նախագահ Թրամփի և Հանրապետական կուսակցության համար նոյեմբերին անցկացվելիք միջանկյալ ընտրություններից առաջ: 2024 թվականի քարոզարշավի ընթացքում Թրամփը հիմնական շեշտը դնում էր գնաճը սանձելու ծրագրերի վրա:
Վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ ամերիկացիների աշխատավարձերի աճը դադարել է գերազանցել գնաճին: Գների 3,8% աճի պայմաններում միջին աշխատավարձն աճել է ընդամենը 3,6%-ով:
Բարձրացել են ավիատոմսերի և հագուստի գները, մինչդեռ նոր ավտոմեքենաների արժեքը չնչին նվազել է:
Ամերիկյան ֆոնդային շուկաները բացվել են անկմամբ. S&P 500 ինդեքսն ընկել է 0,6%-ով, իսկ Dow Jones Industrial Average-ը՝ 0,7%-ով:



























