«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 2 անձի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, անվտանգության ապահովման գծով պատասխանատու, փոխգնդապետ Մանուկ Միքայելյանին եւ նույն հիմնարկի ցմահ դատապարտվածների բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սերժիկ Թամրազյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ սույն քրեական գործի շրջանակներում պաշտոնեական անփութության համար մեղադրանք է առաջադրվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի եւս երեք աշխատակցի, ովքեր դեկտեմբերի 1-ից գտնվում են նախնական կալանքի տակ: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի էին դիմել ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը, որոնք առ այսօր հայտնաբերված չեն: