Հայ ազգային կոնգրեսը 2010թ. հունվարի 8-ին հանրահավաք է գումարելու՝ իր աջակցությունը հայտնելու Երեւանի թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ի կազմակերպած երթի ժամանակ: «Ամեն տեղ պետք է պայքար տանենք՝ հաղթանակի հասնելու, մեր իրավունքները հաստատելու համար։ 10-րդ ընտրատարածքում մեր հաղթանակը մանդատի համար կռիվ չէ, այլ պայքար է ազատության համար։ Իմացեք, ամեն ինչ ձեռք է բերվում պայքարով։ Այն հասարակությունը, որը կդադարի պայքարել, դատապարտված է կործանման»,- նշել է Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ ընտրությունը թիվ 10 ընտրատարածքում կայանալու է 2010թ. հունվարի 10-ին: Այդ ընտրատարածքում առաջադրվել են Նիկոլ Փաշինյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, Արա Սիմոնյանը՝ «Ազգային Միաբանությունից» եւ Հմայակ Հովհաննիսյանը: Վերջինս, որն այսօր մասնակցել է ընդդիմության կազմակերպած երթին, հայտնել է, թե մտադիր է հանել իր թեկնածությունը՝ Փաշինյանի օգտին:




























