Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 11-ին Երեւանում, Լատվիայի Հանրապետության նախագահի կեցավայրում հանդիպել եւ նախաճաշել է նախագահ Վալդիս Զատլերսի հետ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսությունից տնտեսական ակտիվ համագործակցության անցնելու եւ տարբեր բնագավառներում փոխգործակցության հնարավոր ուղիներին առնչվող հարցեր:

Այդ համատեքստում զրուցակիցները կարեւորել են փոխադարձ շփումների եւ գործարար կապերի հաստատումը, երկու երկրների գործարար շրջանակների համար խրախուսական քաղաքականություն վարելուն միտված քայլերի ակտիվացումը, հույս հայտնել, որ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար լավ նախադրյալներ կստեղծի Երեւանում անցկացվող հայ-լատվիական գործարար համաժողովը:

Երկկողմ տնտեսական հարաբերությունների մեկնարկի համար հեռանկարային են համարվել համագործակցությունը առեւտրի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության բնագավառներում: