Աերոտիեզերական ոլորտի եվրոպական «Airbus Defence and Space» կոնցեռնը ռազմավարական գործընկերության հուշագիր է ստորագրել ուկրաինական «SkyFall» պաշտպանական ընկերության հետ, որը հայտնի է «Vampire» տեսակի ծանր հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ (զինվորականներն դրանք սովորաբար անվանում են «Բաբա-Յագա»)։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բեռլինի «ILA Berlin» ավիասրահում։ Ինչպես նշվում է «Airbus»-ի հաղորդագրության մեջ, այս համագործակցությունն ուղղված է հրթիռային ու անօդաչուների հարձակումներից Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանության կարողությունների հզորացմանը, ինչպես նաև արևմտյան տեխնոլոգիաների և ուկրաինական մարտական փորձի միավորման միջոցով եվրոպական պաշտպանական էկոհամակարգի զարգացմանը։

«Airbus»-ում ընդգծել են, որ համաձայնագիրը համահունչ է համաեվրոպական «European Sky Shield Initiative» (ESSI) նախաձեռնության նպատակներին, որը նախատեսում է Եվրոպայի երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծում։ Ընկերությունից նաև հավելել են, որ այս գործընկերությունը պետք է ամրապնդի տեխնոլոգիական ինքնիշխանությունն ու ուկրաինական ռազմական տեխնոլոգիաների համար ճանապարհ հարթի դեպի եվրոպական շուկա։ «Airbus Defence and Space»-ի գլխավոր տնօրեն Միխայել Շելհորնը հայտարարել է, որ արդի սպառնալիքները նոր մոտեցումներ են պահանջում։ «Ողջ Եվրոպայում անօդաչուների զանգվածային ու էժան հարձակումների և խոցման այլ միջոցների տեսքով ի հայտ եկած նոր սպառնալիքներին դիմակայելը պահանջում է տեխնոլոգիական ճկունություն, միջազգային համատեղելիություն և մարտական պայմաններում փորձարկված լուծումների կիրառում»,- նշել է նա։

«SkyFall»-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Մակովեևը հայտնել է, որ համագործակցության առանցքային ուղղություններից մեկը լինելու է ուկրաինական «P1-SUN» որսիչ անօդաչուների ինտեգրումը «Airbus Air C2» օդային տարածքի կառավարման համակարգին։ Նրա խոսքով՝ «P1-SUN» որսիչներն արդեն ոչնչացրել են տարբեր տեսակի շուրջ 10 հազար ռուսական անօդաչու թռչող սարք։ «Հենց այս փորձն էլ հիմք դարձավ «Airbus»-ի հետ գործընկերության համար, որի շրջանակում մենք աշխատում ենք ինչպես ուկրաինական, այնպես էլ եվրոպական օդային տարածքը պաշտպանելու համար նախատեսված նոր սերնդի բազմամակարդակ ՀՕՊ համակարգի ստեղծման վրա»,- հայտարարել է Մակովեևը։

«SkyFall» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի հունիսին և կարճ ժամանակում դարձել անօդաչուների արտադրությամբ զբաղվող ուկրաինական խոշորագույն ձեռնարկություններից մեկը։ Ընկերությունն արտադրում է «Vampire» տեսակի ծանր հարվածային դրոններ, «Shrike» տեսակի FPV դրոններ և «Shahed» տեսակի անօդաչուների դեմ պայքարի համար նախատեսված «P1-SUN» որսիչներ։

Այս հուշագիրը դարձավ եվրոպական պաշտպանական նախագծերին ուկրաինական ռազմարդյունաբերական ընկերությունների ինտեգրման հերթական օրինակը։ Ցուցահանդեսի շրջանակում հրթիռների արտադրությամբ զբաղվող եվրոպական «MBDA» ընկերությունը նույնպես հայտարարել է ուկրաինական «Ուկրաինական զրահատեխնիկա» ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին։ Իսկ «Mercedes-Benz» ավտոկոնցեռնը սկսել է համագործակցել «Tytan Technologies» ստարտափի հետ, որը նույնպես Ուկրաինայի համար որսիչ դրոնների մշակմամբ է զբաղվում։ «Mercedes-Benz»-ի ղեկավար Օլա Կալենիուսն ավելի վաղ «Wall Street Journal»-ին տված հարցազրույցում նշել էր, որ Եվրոպան պետք է ամրապնդի իր պաշտպանունակությունը․ «Եթե «Mercedes»-ը կարող է այս հարցում դրական դեր խաղալ, մենք պատրաստ ենք անել դա»,- ասել էր նա։