Ինդոնեզիայում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել։ Այս մասին հունիսի 17-ին հայտնել է «Associated Press» (AP) լրատվական գործակալությունը։
«6,7 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Ինդոնեզիայի մի շարք շրջաններ, ինչին հաջորդել են հզոր հետցնցումները։ Առաջին հարվածն ուժգին ցնցումներ է առաջացրել․ դրանք տևել են ավելի քան մեկ րոպե», — նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ցամաքի խորքում՝ մոտ 400 հազար բնակչություն ունեցող Պալու քաղաքից շուրջ 43 կմ դեպի հարավ-արևելք ընկած տարածքում: Օջախը գտնվել է մոտ 10 կմ խորության վրա։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքն էլ հունիսի 16-ին հայտնել էր, որ Ճապոնիայի Հոնսյու կղզու ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ըստ կենտրոնի տվյալների՝ երկրաշարժի օջախը եղել է 72 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 1,1 միլիոն բնակչություն ունեցող Սայտամա քաղաքից մոտ 18 կմ հյուսիս-արևելք ընկած տարածքում։





























