Մոսկվայի արևմուտքում գտնվող Կունցևո շրջանի «Մոսկվորեցկի» զբոսայգում, հավանաբար, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի տեղադրման հարթակ է պատրաստվել։ Սատելիտային լուսանկարների հիման վրա նման եզրահանգման է եկել OSINT-ի վերլուծաբան Մարկ Կրուտովը։ Նա նշում է, որ Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ՌԴ մայրաքաղաքում ստեղծվել է առնվազն ևս երեք նմանատիպ տարածք (յուրաքանչյուրը մոտ 4,5 հեկտար մակերեսով)։ Այնտեղ տեղակայվում են Ս-300 և Ս-400 զենիթահրթիռային համալիրներ։ The Insider պարբերականը, հղում անելով OSINT-ի մեկ այլ հետազոտողի՝ Jembob-ին, նույնպես գրում է, որ իշխանությունները կարող են «Ս-400-ների նոր գոտի» ստեղծել Կունցևոյի անտառապուրակի հատված տարածքում, որը 1998 թվականից համարվում է հատուկ պահպանվող բնական տարածք։

«Sentinel-2» արբանյակի լուսանկարներում երևում է Պավլովի փողոցում գտնվող «Մեդիկ» մարզադաշտի հարևանությամբ մաքրված ու հարթեցված մի տարածք։ Վերլուծաբանը նկատել է, որ այս հրապարակը գտնվում է Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի (ՄԿԱԴ) սահմաններում՝ քաղաքի արևմտյան մասի ամենաբարձր կետերից մեկում։ Jembob մականվամբ փորձագետի կարծիքով՝ տարածքը հնարավոր է նախապատրաստում են S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար, որոնք նախատեսված են թևավոր և բալիստիկ հրթիռներ որսալու համար։ Այնուամենայնիվ, նա հավելում է, որ այս վարկածը դեռ հաստատման կարիք ունի, քանի որ արբանյակային լուսանկարները բավականաչափ հստակ չեն՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ օբյեկտներ են այնտեղ տեղադրվել։ Կրուտովը հայտնում է, որ Կունցևոյի անտառապուրակում արդեն բետոնե հատուկ հարթակներ են պատրաստել ՀՕՊ համակարգերի համար։ Դեռ մայիսին տեղի բնակիչները բողոքի ակցիաներ էին անում «Մոսկվորեցկի» պարկում իրականացվող անտառահատումների դեմ։

«Ռազմական օբյեկտ է կառուցվում, էլ ի՞նչ պիտի բացատրեմ ձեզ։ Բոլորին տարեք ոստիկանություն, այնտեղ էլ կբացատրեք։ Վե՛րջ, հեռացե՛ք այստեղից»,— տարածքի մաքրման դեմ բողոքող մարդկանց վրա բարկացել է Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի ղեկավար Ալեքսեյ Ալեքսանդրովը, ով անձամբ էր ժամանել դեպքի վայր։

Պահպանվող տարածքում աշխատանքները մեկնարկել են հունիսի կեսերին, և արբանյակային լուսանկարների համաձայն՝ հունիսի 21-ի դրությամբ անտառում արդեն հատվել ու բացվել է 290x150 մետր չափսերով ուղղանկյուն հրապարակ։

Կրուտովը նշել է, որ այս նախապատրաստված տարածքը գրեթե ոչնչով չի տարբերվում այն մյուս հրապարակներից, որոնք իշխանություններն ավելի վաղ հիմնել էին Մոսկվայի այլ արվարձաններում։ Օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայունը նշում է, որ 2023 թվականի հունվարին մայրաքաղաքի հյուսիսում՝ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի նախկին փորձադաշտերում, արբանյակային լուսանկարների ու «Яндекс»-ի համապատկերների համաձայն՝ արդեն տեղակայվել են Ս-400 համակարգեր։ Նմանատիպ այլ կետեր են հայտնվել նաև «Սոկոլնիկի» և «Լոսինի օստրով» պարկերի միջև ընկած տարածքում, ինչպես նաև «Իզմայլովո» անտառապուրակում։

ՌԴ պաշտպանության նախարարությունն ու Մոսկվայի քաղաքապետարանը որևէ մեկնաբանություն չեն տվել այն մասին, թե կոնկրետ ինչ օբյեկտ է կառուցվում Կունցևոյի անտառի հատված տարածքում, և արդյոք այնտեղ տեղակայվելու են հակաօդային պաշտպանության համակարգեր, թե ոչ։