Երեքշաբթի օրը ամերիկյան ֆոնդային ինդեքսները նվազում են գրանցել՝ չիպեր արտադրող ընկերությունների բաժնետոմսերի անկման պատճառով․ Nasdaq Composite ինդեքսը կորցրել է ավելի քան 2%:

Զգալիորեն էժանացել են մի շարք խոշոր ընկերությունների բաժնետոմսեր, այդ թվում՝ Sandisk Corp. (-13,6%), Micron Technology Inc. (-13,2%), Intel Corp. (-6,1%), Advanced Micro Devices Inc. (AMD) (-5,8%), Seagate Technology (-5,1%) և Nvidia Corp. (-4,1%) ընկերությունները։

ՏՏ ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի վրա մեծ ճնշում են գործադրում ԱՄՆ-ում տոկոսադրույքների հնարավոր բարձրացման սպասումները։ Բանն այն է, որ այս ոլորտի ներկայացուցիչները մեծածավալ վարկային միջոցներ են ներգրավում՝ արհեստական բանականության (AI) ենթակառուցվածքների զարգացումն ու այլ խոշոր նախագծեր ֆինանսավորելու համար:

Բացի այդ, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) վերջին նիստից հետո, որն աչքի ընկավ բավականին կոշտ դիրքորոշմամբ, թրեյդերները չեն բացառում, որ կենտրոնական բանկն այս տարի առնվազն մեկ անգամ կբարձրացնի բազային տոկոսադրույքը:

Նախորդ շաբաթ կարգավորիչը պահպանել էր տոկոսադրույքը 3,5-3,75% միջակայքում: Դրա հետ մեկտեղ, Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավարներն էապես բարձրացրել են ԱՄՆ-ում ընթացիկ տարվա գնաճի կանխատեսումը՝ մարտին ակնկալվող 2,7%-ից հասցնելով 3,6%-ի: Իսկ կանխատեսումների կետային դիագրամը ցույց է տվել, որ նրանց կեսը մինչև տարեվերջ ակնկալում է տոկոսադրույքի առնվազն մեկ բարձրացում (25 բազիսային կետով)։

Անլար կապի համար կիսահաղորդչային բաղադրիչներ արտադրող Qualcomm Inc. ընկերության շուկայական արժեքը նվազել է 8%-ով։ Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, ընկերությունը բանակցություններ է վարում արհեստական բանականության ենթակառուցվածքների համար ծրագրային ապահովում մշակող Modular Inc.-ը 4 մլրդ դոլարով գնելու շուրջ:

Dow Jones ինդեքսում ամենամեծ անկում գրանցած ընկերությունների բաժնետոմսերի թվում են եղել Caterpillar Inc.-ը (-3,7%), Honeywell International Inc.-ը (-2,5%) և Nike Inc.-ը (-1,9%):

Միևնույն ժամանակ, ինդեքսում աճի առաջատար են դարձել International Business Machines Corp. (IBM) ընկերության արժեթղթերը (+5%): Բաժնետոմսերի թանկացումը հաջորդել է JPMorgan-ի վերլուծաբանների կողմից դրանց վերաբերյալ գնահատականի դրական վերանայմանը. կարգավիճակը «չեզոքից» բարձրացվել է «շուկայականից բարձր» մակարդակի։ Փորձագետները նաև բարձրացրել են IBM-ի արժեթղթերի կանխատեսվող գինը՝ ակնկալելով ընթացիկ մակարդակից 38% աճ։

Վստահ աճ են արձանագրել նաև պաշտպանական ոլորտների ընկերությունների բաժնետոմսերը, այդ թվում՝ Merck & Co. (+3,6%), Johnson & Johnson (+3,4%), Procter & Gamble Co. (+2,2%) և Walmart Inc. (+1,9%)։

SpaceX-ի արժեթղթերը թանկացել են 1%-ով՝ նախորդ օրվա կտրուկ անկումից հետո: Արդեն բորսայի փակումից հետո Իլոն Մասկի աերոտիեզերական ընկրությունը հայտարարել է ընդհանուր 25 միլիարդ դոլար ծավալով պարտատոմսերի հինգ թողարկման տեղաբաշխման մասին:

Երեքշաբթի օրվա բորսայական նվազման արդյունքներով՝ Dow Jones Industrial Average ինդեքսը նվազել է 0,09%-ով և կազմել 51666,84 կետ։

Standard & Poor's 500 ինդեքսի արժեքը նվազել է 1,44%-ով՝ հասնելով 7365,46 կետի։

Իսկ Nasdaq Composite ինդեքսը գրանցել է 2,21% անկում՝ կանգ առնելով 25587,04 կետի վրա։