Հայաստանի եւ Լատվիայի տնտեսական համագործակցության խորացումը կարող է օգնել երկու երկրներին՝ ոչ միայն հաղթահարել ճգնաժամը, այլեւ զարգացնել տնտեսությունը: Այս մասին դեկտեմբերի 11-ին բացված հայ-լատվիական գործարար համաժողովի ժամանակ հայտնեց Լատվիայի Էկոնոմիկայի նախարար Արտիս Կամպարսը` ավելացնելով, որ ճգնաժամի պայմաններում գործընկերության համար հարկավոր է հատկապես ուշադրություն դարձնել բանկային համակարգի կայունացմանը եւ գործարարների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Լատվիան պատրաստ է քիմիական, զբոսաշրջության, ֆինանսական ոլորտներում խորացնել համագործակցությունը»,- նշեց լատվիացի նախարարը:
Տեղեկացնենք, որ ԽՍՀՄ-ում Հայաստանում եւ Լատվիայում զարգացած էր հատկապես քիմիական արդյունաբերությունը եւ դեղագործությունը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքով, երկու երկրները կարող են միմյանց հետ համագործակցել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: «Լատվիան այդ ոլորտում արդեն լուրջ ձեռքբերումներ ունի, Հայաստանը եւս այդ ոլորտում հայտնի երկիր է, եւ համագործակցության դեպքում կարելի է հաջողություններ արձանագրել»,- նշեց նա` ավելացնելով, որ երկու երկրների համագործակցության հաջողության դեպքում հնարավորություն կլինի օգտագործել նաեւ տարածաշրջանային շուկաները. Հայաստանը՝ Բալթյան եւ Սկանդինավյան, իսկ Լատվիան՝ Մերձավոր Արեւելքի:
Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանի խոսքով, 2004-2008 թվականներին ընդհանուր ապրանքնաշրջանառությունը կազմել է 19 մլն 433 հազար դոլար, որից 11 մլն 283 հազար դոլարի շրջանառությունը տեղի է ունեցել 2008 թվականին: Հայաստանից արտահանումը ընդամենը կազմել է 1 մլն 170 հազար դոլար: Լատվիայից Հայաստանը ներմուծել է երկաթգծի լոկոմոտիվներ, մսամթերք եւ ձկնամթերք, իսկ Հայաստանից քացախ, ոգելից խմիչք եւ օպտիկական պարագաներ են արտահանվել: Այս տարի ճգնաժամի պատճառով առեւտրաշրջանառությունը կրկին նվազել է:
Լատվիացի գործարարներից ոմանք արդեն հասցրել էին ուսումնասիրել հայկական շուկան: Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ Հայաստանում հիանալի որակի մրգեր են վաճառվում, բայց ձկնեղենի որակը գոհացուցիչ չէ: «Կոլումբիա» ընկերության ղեկավար կազմի անդամ Իգոր Կրուպնիկի խոսքով` Հայաստանում վաճառվող պահածոյացված ձկնեղենը որակով չէ, եւ, մասնավորապես՝ իրենց ընկերությունն արդեն գիտի, թե Հայաստան ինչ պետք է արտահանի: «Հայաստանում հրաշալի միրգ է աճում, բայց լավ ձկնեղեն չկա, իսկ մենք ծով ունենք, եւ շատ լավ պահածոյացված ձուկ», — այնպես որ կփորձենք այդ բացը լրացնել` նշեց լատվիացի գործարարը:




























