ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին հանրապետականների  հիմնական թեկնածու Միթ Ռոմնին մայիսի 8-ին հաղթել է ԱՄՆ-ի եւս երեք նահանգների փրայմերիզներում ՝ Արեւմտյան Վիրջինիայում, Ինդիանայում եւ Հյուսիսային Կարոլինայում։ Սպասված հաղթանակը տանելով բոլոր երեք նահանգներում՝ Ռոմնին ամրապնդել է  առաջնորդի իր կարգավիճակը, նշում է CNN հեռուստաընկերությունը։

Ռոմնիի հաղթանակը կանխորոշված էր նախընտրական քարոզարշավից  նրա երկու հակառակորդների հեռանալուց հետո՝ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչի եւ Փենսիլվանիայի նախկին սենատոր Ռիկ Սանթորումի, հայտնում է  «Ռոսբալտը»։

Այդպիսով, նա դե ֆակտո կուսակցության միակ թեկնածուն է դարձել նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում։ Սակայն ԱՄՆ-ում փրայմերիզը դեռեւս շարունակվում է, եւ Ռոմնին մրցում է  վերջին հանրապետականի՝ լիբերտարիանական ծրագրով կոնգրեսական Ռոն Փոլի հետ։

Ինչպես սպասվում է, Ռոմնին օգոստոսի վերջին կուսակցական համագումարում պաշտոնապես կհայտարարվի Հանրապետական կուսակցության միակ թեկնածու։