Թունյան Ժորա Հարությունի, պատերազմի վետերան, Հայաստանի Պատերազմի, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների վետերանների խորհրդի ղեկավար (ֆոտոռեպորտաժ):

Մեր ընտանիքից Մեծ հայրենականի երկու վետերան է ողջ մնացել, ես եւ քույրս` Նվարդը: Նա 88 տարեկան է, կույր: Վերջերս հավաքվել էինք իր ծննդյան օրվա կապակցությամբ, հիշում էինք անցած ուղին: Մեզ շատերն են հարցնում, ինչպես ենք ապրում, ինչ է մտքներիս: Ապրում ենք, էլի... Երեք որդի ունեմ, միջեկն Իսրայելում է, մյուս երկուսն` այստեղ, այդքան շատ թոռնիկներ են ինձ նվիրել: Թոշակս հերիքում է, որդիներս էլ օգնում են, չեմ դժգոհում: Բոլորին ոտքի եմ կանգնեցրել, հիմա ապրում եմ մի երկրում, որը ժամանակին պաշտպանել եմ ուս-ուսի տասնյակ հազարավոր մարդկանց հետ: Էլ ի՞նչ կարող եմ ուզել:

***
Շատ եմ տվել այս երկրին: Պատերազմի ավարտից հետո ընդունվել եմ Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: Գերազանցությամբ ավարտել եմ, դարձել ճարտարագետ-երկրաբան: 1951-ին ընդունվել եմ, 1956-ին` ավարտել:

Դրանից հետո 40 տարի աշխատել եմ Հայաստանի երկրաբանական ծառայությունում: Անունները փոխվում էին, սակայն ծառայությունը նույնն էր: Սկզբից Սիսիանի արշավախմբում էի, հետո` Մեղրիի, որտեղ սկզբից դարձա գլխավոր ճարտարագետ, ապա` արշավախմբի ղեկավար եւ գլխավոր երկրաբան: Երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու եմ, թեզ եմ պաշտպանել 1972 թվականին` «Այգեձորի, Մեղրիի ոսկու եւ պղինձամոլիբդենային հանքավայրերի երկրաբանական կառուցվածքը, հանքաբանական կազմն ու հեռանկարերը»:

Երկար տարիներ երկրաբան աշխատելով` գրել եմ բազմաթիվ գիտական աշխատություններ` նվիրված ոսկու եւ պղինձմոլիբդենային հաքավայրերին` Դաստակերտում, Այգեձորում, Լիճքվազում եւ Տերտերասարում: Այդ հայքավայրերն այժմ շահագործվում են, իսկ ինձ մոտ մնացել են գերատեսչական եւ այլ պարգեւներ կատարած աշխատանքի համար: Մինչ օրս տարբեր պարգեւներ եմ ստանում: Վերջին անգամ դա եղել է 2009-ին, երբ ես դարձա Երեւանի Արաբկիր վարչական շրջանի պատվավոր քաղաքացի… Էլ ի՞նչ եմ հասցրել այս տարիների ընթացքում: Կին եմ կորցրել:

***
Հետպատերազմյան տարիներին, 1946-ից մինչ 1950-ի մարտը, ծառայել եմ Դնեպրոպետրովսկում: Մեզ զորացրել են 1950 թ. մարտի 31-ին: Մենք այդ ժամանակ երիտասարդ էինք, մեր անցյալն անասելի ահավոր էր, որի միջով բոլորս անցել էինք: Ուզում էինք նորովի ապրել. վերածնվում էին մոռացված հույսերն ու երազանքները: Այդ ժամանակ` Դնեպրոպետրովսկում, հանդիպեցի իմ ապագա կնոջը` Լիդյա Իոսիֆովնային: Նա առեւանգված հրեուհի էր, որը հետո վերադարձել էր: Հանդիպեցինք, իրար սիրեցինք եւ ամուսնացանք: Սա ամբողջ կյանքի սեր էր, որի մասին հիմա միայն գրում ու ֆիլմերում են ցույց տալիս: Իմ ողջ կյանքի ընկերն էր, ապրում էինք մեկս մյուսի համար, երեք որդի ենք աշխարհ բերել, մեծացրել… Մի ցավալի օր նա հեռացավ: Սա իմ կյանքում հերթական կորուստն էր: Երեւի` ամենախոցողը, բայց ոչ առաջինը: Պատերազմ կար դրանից առաջ, որի մասին ինձ մեդալներն ու շքանշաններն են հիշեցնում: Սա Կարմիր խաչն է, այստեղ Երրորդ աստիճանի Պատվո շքանշանը, իսկ այստեղ...

***
Կռվի ժամանակ դադարում ես վախենալ: Սկզբից, երբ դեռ անփորձ ես, նոր ես ձեռքդ զենք վերցրել, ու չգիտես` ինչ անել դրա հետ, վախենում ես: Իսկ հետո ընկնում ես ռազմաճակատ, կռվի մեջ մտնում, մահ տեսնում: Ամեն օր գալիս էր, տանում: Երբեմն` ընկերոջդ, որի հետ երեկ դեռ կռիվ էիք տալիս թշնամու դեմ: Լինում էր` մահը թշնամուն էլ էր հիշում: Հիշում եմ` մեր գումարտակից մի երիտասարդ տղա վիրավորվել էր: Բաց տեղում պառկած` օգնություն էր կանչում: Մթնում էր, իսկ 300 մետրի վրա գերմանացիներն էին: Գիտեինք, որ սպասում են: Դիպուկահար էր նստած: Այդ տղան երկար էր օգնության կանչում, բաց ոչնչով օգնել չէինք կարող: Երկար էր կանչում, մինչեւ իր կանչը դադարեց:

Այդպիսի դեպքերը շատ էին, եւ այդ հուշերը մնացել են իմ ողջ կյանքում: Մի որոշ ժամանակ անց սովորում ես դրան, էլ չես մտորում եւ գնում ես առաջ, որովհետեւ այդպես պետք է: Մենք գիտեինք` ինչի համար ենք կռվում. մեր հետեւում երկիրն էր, մեր ընտանիքներն էին: Եվ մենք գնում էիք առաջ, կռվում էինք: Իսկ այն տղան մահացել էր Ուկրաինայում` Լուցկ քաղաքի մոտ:

***
Թիվ 1860 հրետանային գնդի կազմում մասնակցել եմ բազմաթիվ ուկրաինական քաղաքների ազատագրմանը` Ռովնո, Լուցկ, Դուբնո. Լվով: Դրանց հաջորդեցին լեհական Պերեմիշլն ու Տառնոբժեգը, հետո անցել էինք Վիսլան` Սանդոմեր քաղաքի շրջակայքում: Ես հրետանային մարտկոցի հրամանատար էի: 1945 թ. սկզբին մասնակցել եմ Վիսլա-Օդերի գործողությանը, որտեղ դաժան մարտեր էին ընթանում: Այդ կռիվները լավ եմ հիշում: Հրամանատարության կարգադրությամբ վեակառուցվում էինք, ողջ մարտի դաշտով տանում-բերում թնդանոթները, խրամատերի մեջ մտնում, դուրս գալիս եւ բաց ճակատով կրակում թշնամու դիրքերին: Բախումներից մեկի ժամանակ մեզ հաջողվեց ամբողջությամբ ոչնչացնել թշնամու կրակային դիրքերը, որը մեզ վրա գնդացրային կրակի հրդեհ էր թափում եկեղեցու զանգակատնից: Հողին էինք հավասարեցրել եւ դիրքերը, եւ եկեղեցին: Դա թույլ տվեց սովետական զորքերին շարունակել առաջխաղացւմը դեպի Բրեսլաու:

***
Մի քանի օր անց Վիսլայի ափին մարտերից մեկում ես վիրավորվեցի: Հենց Սանդոմիրի պլացդարմից ինձ տարան հոսպիտալ, կարգի բերեցին, բուժեցին: Հետո վերադարձա ռազմաճակատ: Ինձ սպասում էր Լեհաստանը, հետո էլ` Գերմանիան: Մի ամիս առաջ արդեն գիտեինք, որ պատերազմն ավարտին է հասնում, հաղթանակը մոտ է: Ամեն ինչը դրան էր տանում, գերմանացները նահանջում էին, մենք` գրոհում: Երբեւէ չէինք էլ հավատում, որ դա մի օր տեղի կունենա եւ այդ արհավիրքը կմնա անցյալում: Բայց հեց դրան էլ գնում էինք: Ես էի գնում:

***
Հիշում եմ` նոր էր տասնյոթս լրացել, երբ կամավոր գնացի ռազմաճակատ: 1943-ի փետրվարն էր: Հյուսիսային Կովկասը եռում էր մարտերից, ինձ էլ ուղարկեցին այդ դժոխքը: Հունվարի 20-ին եկել էի Գռոզնի, փետրվարի 23-ին` երդում տվեցի, սակայն իմ առաջին լուրջ մարտը այնտեղ չէր... Դոնի Ռոստովի մոտ էր: Մեր թիվ 425 զենիթահրթիռային գումարտակը մայիս-հուլիսին տեղակայված էր Ռոստով-Բատայսկ երկաթուղու երկայնքով, որն անցնում էր Դոնի մեծաթիվ վտակներով: Լավ եմ հիշում ինչպես հունիսին` առավոտյան, մր ողջ ջոկատը նստած էր կառամատույցում, որտեղ երեք ամիս քնում էինք: Մարտական պատրաստվածություն էր գնում: Այդ ժամանակ մարտական տագնապ ամեն օր էր հայտարարվում: Սակայն այդ օրը տարբերվում էր: Պատերազմում իմ առաջին տասնօրյակի, առաջին ամսի, առաջին ամռան առավոտյան երկնքի ծայրում երեւացին սեւ կետեր:

Սկզբից անձայն եւ փոքր, դրանք արագորեն մեծանում էին, իսկ օդը թնդում էր իրենց չար աղմուկից: Դրանից հետո երկինքը լցվեց «Յունկերսների» եւ իրենց ուղեկցող «Մեսերշմիտների» դղրդոցով: Թշնամու ավիացային նպատակ ուներ ոչնչացնել Դոնի բոլոր կամուրջները, շարքից դուրս հանել երկաթուղին: Այդ գրոհին մասնակցել էր 350 «Յունկերս» եւ 90 «մեսերշմիտ», դրանց դեմ դուրս եկան մեր И-16-երը:

Երկնքում ծանր մարտ սկսվեց, իսկ մեր գումարտակը եւ այ զենիթահրթիռային միացությունները, որոնք տեղակայված էին Ռոստովից դեպի Բատայսկ տանող ճանապարհին, նրանց աջակցում էին ներքեւից: Արդյունքում ոչ մի գերմանական ռումբ տեղ չի հասել: «Յունկերսները» ռումբեր էին գցում Ռոստովից հեռու, որտեղ Դոնի հոսքը բավականին լայն է: Այդ օրը թշնամու 7 ինքնաթիռ էին խփել, դրանցից մեկն ընկավ մեր ջոկատի հարվածից հետո:

***
Պատերազմը շատ բան է խլում: Ռոստովի մատույցներում զոհվել է իմ հայրը` Հարություն Թունյանը: Հստակ տվյալներ նրա մահվան մասին մենք այդպես էլ չկարղացանք ստանալ: Նա մահացել է փետրվարի 22 - 24-ին, երբ մի ամիս է, ինչ ծառայում էի:

Այդ մասին իմացա ռազմաճակատում: Տանը ինձ եւ Նվարդին սպասում էին մայրը, չորս կրտսեր եղբայրները եւ ամենափոքր քույրը: Մեզ սպասում էին, եւ մենք վերադարձել էինք` կատարելով մեր պարտքը, անցնելով գնդակների կարկտի տակ, շատ անգամ հանդիպելով մահվանը: Չվերադարձավ միայն հայրը, որին շատ էի սպասում: Պատերազմ...

Պատրաստեց Էմիլ Բաբայանը

Նյութը կմտնի Հայաստանի պատերազմի վետերանների հուշերի ժողովածուի մեջ: «Մենք կռվել ենք հանուն հայրենիքի» ժողովածուն հրատարակման է պատրաստվում Երեւանի մոսկովյան մշակութային-գործարար «Մոսկվայի տուն» կենտրոնի կողմից` Պաշտպանության նախարարութան և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի հետ համատեղ:

Ֆոտո` Սոնա Բարսեղյանի