ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է  նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը իր աջակցության  մասին: Նա ԱՄՆ-ի պատմության մեջ դարձել է առաջին նախագահը, որը բացահայտ ընդունում է  իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցելու նույնասեռականների իրավունքը: 

Օբաման նշել է, որ վաղուց է մտածել, թե ինչքան դժվար է այն մարդկանց համար, ովքեր նույնասեռ հարաբերություններ ունեն, սակայն սահմանափակված են դրանք օրինականացնելու անհնարինությամբ: «Վերջերս եզրակացրի, որ անձամբ ինձ համար շատ կարեւոր է հայտնել, թե ինչ եմ ես մտածում. Նույնասեռական զույգերը պետք է ամուսնանալու հնարավորություն ունենան», - Օբամայի խոսքերն է մեջբերում ABC News-ը:

Ընդ որում, պետության ղեկավարն ընդգծել է, որ դա նրա անձնական կարծիքն է, եւ նման հարցերը պետք է  լուծվեն օրենսդրական մակարդակով: Օբաման հայտնել է, որ իր կինը եւ աղջիկներն այդ հարցում իր հետ համամիտ են:

Նախագահի հայտարարությունն ուրախությամբ են ընդունել նույնասեռական հասարակության ներկայացուցիչները եւ բազմաթիվ դեմոկրատներ, սակայն որոշ հոգեւոր գործիչներ, ներառյալ Օբամայի խորհրդականներից մեկը, գաղափարը խելահեղ են անվանել: Օբաման կարող է կորցնել աֆրոամերիկյան ընտրողների ձայները:

Միաժամանակ Օբամայի հակառակորդ հանրապետական Միթ Ռոմնին կտրականապես դեմ է նույնասեռականների ամուսնությունների օրինականացմանը: