Լուսանկարով հնարավոր չէ ճշտել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի մարմնի վրա կապտուկների առաջացման պատճառը: Այս մասին հայտնել է Խարկովի բժշկական ակադեմիայի հետդիպլոմային կրթության դատաբժշկական փորձաքննության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Գուրովը:
«Դատափորձագետները չեն կարող եզրակացություն անել լուսանկարից ելնելով: Դա կարող է լինել եւ հարվածից, եւ մարմնի սեղմումից: Կապտուկները տարբեր կառուցվածք ունեն»,-Խարկովում կայացած ասուլիսում ասել է Գուրովը, հաղորդում է «Գլավրեդը»: «Այս դեպքում նման նրբությունները հասանելի չեն եղել դատափորձագետներին, քանի որ Տիմոշենկոն հրաժարվել է փորձաքննությունից»,-ընդգծել է նա:
Նա նշել է, որ միակ գրավոր փաստաթուղթը, որտեղ արձանագրված է Տիմոշենկոյի մարմնի վրայի փոփոխությունները, երեք բժիշկների եզրակացությունն է, որոնք Տիմոշենկոյին էին այցելել ապրիլի 26-ին: Գուրովի ներկայացմամբ, ըստ այդ փաստաթղթի, նախկին վարչապետի մարմնի վրա եղել է երկու կապտուկ:
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան օրենքից դուրս էր հայտարարել նախկին օմբուդսմեն Նինա Կարպաչեւայի հրապարակած լուսանկարները, որտեղ Տիմոշենկոն ցուցադրում է մարմնի կապտուկները:
Ավելի ուշ Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը Եվրախորհրդարանում հայտարարել էր, որ կալանավայրում Տիմոշենկոյի դեմ բռնություն կիրառելու մասին տեղեկությունները սադրանք են, որոնց նպատակը Ուկրաինայի իշխանություններին վարկաբեկելն է: Նրա խոսքով, մինչ օրս Տիմոշենկոն թույլ չի տվել հետազոտել կապտուկները եւ դրանք ոչ ոք չի տեսել:




























