Պիեռ Սալվյակը` ֆրանսիական  RTL ռադիոյի աշխատակիցը, հեռացվել է Ֆրանսիայի նոր առաջին տիկին, Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կին, լրագրող Վալերի Թրիերվեյլերի հասցեին վիրավորական թվիթի համար: Այդ մասին հաղորդում է France Soir-ը:

Սալվյակը թվիթերյան իր անձնական էջում գրել է. «Դիմում եմ իմ բոլոր կին գործընկերներին. օգտակար սեքսով զբաղվեք, գուցե հանկարծ Ֆրանսիայի  առաջին տիկին դառնալու հնարավորություն ընձեռվի»:

Կանացի համայնքի արձագանքն այնքան կատաղի էր, որ տղամարդը ստիպված է եղել ջնջել թվիթը` ներողություն խնդրելով, որ  «կատակը նեղացրել է իր կին գործընկերներին»:

RTL ռադիոկայանի տնօրեն Ժակ Էսնուն թվիթերում Սալվյակի գրառումն  անվանել է «միանգամայն»  անթույլատրելի եւ լրագրողին քննադատել գռեհկության համար, հաղորդում է lenta.ru-ն:

Այն բանից հետո, երբ Օլանդը դարձել է նախագահ, լրատվամիջոցները բուռն հետաքրքրություն են դրսեւորում նրա ընկերուհու` Վալերի Թրիերվեյլերի նկատմամբ:

Նորընտիր նախագահն ամուսնացած չէ, եւ ընդհանրապես ամուսնացած չի եղել: Սեգոլեն Ռուայալի հետ 30 տարի ապրելով` այժմ Ֆրանսուա Օլանդն ամենուր հայտնվում է իր նոր ընկերուհի Վալերի Թրիերվեյլերի հետ` նրա հետ այնպիսի զույգ կազմելով, որն էապես տարբերվում է պետությունների այլ ղեկավարների զույգերից:

Նման իրադրությունը չի անհանգստացնում ֆրանսիացիներին, սակայն բավականին անհանգստացնում է արտասահմանյան լրատվամիջոցներին: « 47 տարեկանում Օլանդի ուղեկցուհին կլինի պաշտոնապես  չամուսնացած առաջին տիկինը», - մեկնաբանում է Daily mail-ը: