ԱՄՆ-ում ռուս գործարար Վիկտոր Բուտը 25 տարի պատժաչափը կկրի Կոլորադո նահանգի Ֆլորենս քաղաքի ամենախիստ ռեժիմի բանտում: Նման որոշում է կայացրել ԱՄՆ-ի բանտերի դաշնային բյուրոն:
Բուտի փաստաբան Ալբերտ Դայանը նամակ է ուղարկել դաշնային դատավոր Շիրե Շեյնդլինին` խնդրելով կասեցնել այդ որոշումը: «Նման որոշման իրագործումը կխանգարի բողոքարկման գործընթացին», - ասվում է դիմումում:
Փետրվարի վերջից Բուտը գտնվում է Բրուքլինի ընդհանուր ռեժիմի բանտում, իսկ մինչ այդ պահվել է Մանհեթանի հատկապես վտանգավոր հանցագործների բանտում, գրում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուտը բողոքներ չունի բանտի ղեկավարությունից, նա շատ է կարդում, օգտվում է համացանցից, թենիս է խաղում, զբոսնում է տանիքին եւ բուսական սննդակարգի հետեւելու հնարավորություն ունի:
Պարսկերեն ուսումնասիրող ռուսը գոհ է, որ բրուքլինյան դատարանում այդ լեզվով խոսող կալանավորներ են գտել: Այժմ Բուտին պահում են պատուհան ունեցող խցում, թեեւ բացվող տեսարանը գերեզմանոցն է: Փոխարենը այդ հաստատության տանիքից կարելի է հիանալ Մանհեթանի եւ Բրուքլինի, ինչպես նաեւ Ազատության արձանի տեսարանով:




























