Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելին 30 մլն դոլարի քաղաքացիական հայց է ներկայացրել իր նախկին զինակից եւ երկրի փոխնախագահ Խուան Կարլոս Վարելայի դեմ` «կոռուպցիայի կեղծ մեղադրանքների» համար: Դրանից մեկ օր առաջ Մարտինելին կոչ է արել Վարելային հրաժարական տալ, քանի որ «ոչինչ չի անում» փոխնախագահի պաշտոնում:

Մարտինելին նշել է, որ ինքը Վարելայի դեմ հայց է ներկայացրել ոչ որպես երկրի նախագահ, այլ որպես «շարքային քաղաքացի», ով վրդովված է այլ քաղաքացու կողմից զրպարտության փաստից:

Ինչ վերաբերում է փոխհատուցման չափին (30 մլն դոլար), ապա հենց այդ թիվն է նշել փոխնախագահը, երբ խոսել է նախագահի կողմից իտալացի գործարար Վալտեր Լավիտոլայից կաշառք վերցնելու մասին` երկրում մի քանի բանտերի շինարարության պայմանագրեր կնքելու դիմաց, հաղորդում է Latindex-ը:

Միաժամանակ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին կողմնակից իտալացի գործարարն արդեն ձերբակալվել է իր երկրում` միջազգային կոռուպցիայի մեղադրանքով:

«Երբ մենք հաղթենք այս գործը, 30 մլն դոլարը կհատկացվի բարեգործական նպատակներով»,-խոստացել է Պանամայի նախագահը: