ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աղմկահարույց հայտարարություն է արել. ամերիկյան բանակը վերահսկողության տակ է վերցրել Հորմուզի նեղուցը։
ԱՄՆ ռազմածովային ուժերը ականներից մաքրել են ջրային ուղին, և «այժմ այն բաց է», հայտարարել է նախագահը Օվալաձև աշխատասենյակում։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «միակն են, ովքեր վերահսկում են Հորմուզի նեղուցը»։
Ռազմական իրավիճակի մասին Թրամփն ավելի հստակ է արտահայտվել. տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը ծառայում է որպես «պողպատե պատ», փոխանցում է Bild-ը։ Թեև իրանական ուժերը «ժամանակ առ ժամանակ ականներ են նետում», հայտարարել է Թրամփը, ԱՄՆ-ն դրանք գտնում և վնասազերծում է։
Մինչ պատերազմը Հորմուզի նեղուցով անցնում էր համաշխարհային նավթի առևտրի մոտ մեկ հինգերորդը։ Այդ պատճառով շուկաները ուշադիր հետևում են տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը։ Արդյոք Թրամփի հայտարարությունը նշանակում է այս կարևորագույն ծովային ուղու համար պայքարի ավարտ, առայժմ պարզ չէ։
ԱՄՆ նախագահի հայտարարությունները հնչել են Իրանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին։ Հորմուզի նեղուցի պաշտոնական և լիակատար բացման դիմաց Թեհրանը դեռևս պահանջում է դադարեցնել ամերիկյան ծովային շրջափակումը, ինչպես նաև փոխհատուցման վճարներ։ Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ իրանական պահանջներն իրեն բերել են «հետաքրքիր գաղափարի»։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ից վճարումներ պահանջելու փոխարեն, Իրանը, ընդհակառակը, ինքը պետք է փոխհատուցի Միացյալ Նահանգներին հասցված վնասը։





























