ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի հաճախ է սպառնալիքներ հնչեցնում դաշնակիցների հասցեին՝ այն պայմաններում, երբ նրան այդպես էլ չի հաջողվել հասնել Իրանի կապիտուլյացիային։ Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ առաջնորդի կտրուկ հայտարարությունները վկայում են աճող գրգռվածության մասին՝ կապված պատերազմի հետ, որը ձգձգվել է և մտել փակուղի, գրել է Washington Post-ը։

Շաբաթվա սկզբին Թրամփը սպառնացել էր ռմբակոծել Օմանը՝ ԱՄՆ դաշնակցին, որը միջնորդի դեր է խաղում Իրանի հետ պատերազմը դադարեցնելու փորձերում։ Հաջորդ օրը նախագահը հրապարակել էր քարտեզ՝ Հորմուզի նեղուցի և Օմանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրանի հարակից տարածքների շուրջ գծված շրջանով՝ այդ գոտին անվանելով «ԱՄՆ ՆՈՐ ՏԱՐԱԾՔ»։

Չորեքշաբթի Թրամփն Իրանի դեմ հայտարարել է «ՏՆՏԵՍԱԿԱՆ D-DAY»՝ նախազգուշացնելով լուրջ հետևանքների մասին ցանկացած երկրի համար, որը կշարունակի աջակցել Թեհրանին։

Վերլուծաբանները կարծում են, որ նման հռետորաբանությունն արտացոլում է նախագահի աճող գրգռվածությունը։ Իրանի դեմ Իսրայելի հետ միասին ռազմական գործողության մեկնարկից գրեթե կես տարի անց Թրամփը բախվել է ձգձգվող հակամարտության, որը նրան չի բերել այն հաղթանակը, որի մասին նա ակնկալում էր հայտարարել։

«Նա հայտնվել է մի իրավիճակում, որից չի կարող դուրս գալ»,- հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով մասնագետ Էնդրյու Լեբերը Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամից։ Նրա խոսքով՝ ոչ ռազմական ուժը, ոչ էլ աղմկոտ հայտարարությունները չեն կարող լուծել խնդիրը, ուստի, երբ Թրամփին չի հաջողվում ստիպել Իրանին փոխել ուղեգիծը, նա իր զայրույթը տեղափոխում է մյուսների վրա։

Սակայն Սպիտակ տանը պնդում են, որ Իրանի դեմ արշավը շարունակում մնալ հաջողված։ Վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ը ոչնչացրել է Իրանի ռազմական ներուժը և ռազմածովային շրջափակման շնորհիվ լուրջ վնաս է հասցնում նրա տնտեսությանը։

Միևնույն ժամանակ, վերջին շաբաթներին պատերազմը փաստացի մտել է փակուղի։ Իրանի ուղղությամբ ամերիկյան հարվածները և Պարսից ծոցում ամերիկյան դաշնակիցների դեմ Իրանի հարձակումները զգալիորեն կրճատվել են։ Ամերիկյան սպառազինության պաշարների կրճատման ֆոնին Թրամփն առայժմ խաղադրույք է կատարում ոչ թե նոր ռազմական գործողությունների, այլ տնտեսական ճնշման վրա։

Փորձագետները նշում են, որ պատժամիջոցներն իսկապես լուրջ վնաս են հասցրել իրանական տնտեսությանը և հատկապես ուժեղ հարվածել են քաղաքացիական բնակչությանը, սակայն չեն ստիպել երկրի ղեկավարությանը գնալ այն զիջումներին, որոնց ձգտում է հասնել Վաշինգտոնը։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Հորմուզի նեղուցով նորմալ նավարկության վերականգնմանը։

ԱՄՆ նախկին դիվանագետ Ալան Էյրի խոսքով՝ Թրամփի հայտարարությունները վկայում են նրա գրգռվածության մասին այն պատճառով, որ նույնիսկ նվազագույն նպատակը՝ նեղուցով երթևեկությունը բնականոն մակարդակի վերադարձնելը, մնում է անհասանելի։

Նախագահի առանձնահատուկ գրգռվածությունն առաջացրել է Օմանը։ Այս փոքր երկիրը, որը գտնվում է նեղուցի մյուս կողմում, միջնորդի դեր է խաղում Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում։ Փորձագետների կարծիքով՝ Թրամփը դժգոհ է այն բանից, որ Մասկատը Իրանի հետ քննարկում է համաձայնագիր, որը կարող է նախատեսել նեղուցի համատեղ կառավարում։

Տարօրինակն այն է, որ ավելի վաղ հենց ինքը՝ Թրամփն էր համաձայնել Օմանի մասնակցությանը ջրային ուղու վերահսկողության շուրջ բանակցություններին։

Պակաս աղմկահարույց չէր Թրամփի հրապարակած քարտեզը, որի վրա Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Օմանի, ԱՄԷ և Իրանի տարածքները նշված էին որպես «ԱՄՆ ՆՈՐ ՏԱՐԱԾՔ»։ Իրանի ներկայացուցիչ Մոհսեն Ռեզային ծաղրել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ նշելով, որ նեղուցը բացելու ԱՄՆ անկարողության և դրա նկատմամբ Վաշինգտոնի սեփականության հավակնության միջև ահռելի խզում կա։

Այդ ընթացքում Թրամփն ուժեղացնում է տնտեսական ճնշումը։ Նա հայտարարել է, որ Իրանի «տնտեսական պատերազմն ու մեկուսացումը» կունենան աննախադեպ մասշտաբ, իսկ այն երկրները, որոնք Թեհրանին ցուցաբերում են ֆինանսական կամ առևտրային աջակցություն, կբախվեն լուրջ հետևանքների։

Սպառնալիքի տակ են հայտնվել նաև բանկերը, նավթային ընկերությունները, օդանավակայանները, նավագնացային կազմակերպությունները և այլ կառույցներ, որոնք, Թրամփի խոսքով, օգնում են Իրանին շրջանցել պատժամիջոցները։

Այս ֆոնին ԱՄԷ-ն արդեն հայտարարել է Իրանի հետ առևտրային կապերի դադարեցման մասին՝ չնայած այն հանգամանքին, որ Իրանը երկրի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է։ Այս որոշումը հաջորդել է Թրամփի և ԱՄԷ նախագահ, շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահայանի հեռախոսազրույցին։

Սակայն Վաշինգտոնի՝ պատժամիջոցների հետագա խստացման հնարավորություններն աստիճանաբար նվազում են։ Իրանը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ 2018 թվականից, ուստի հետագա ճնշումը ենթադրում է նախևառաջ պատժել այն երկրներին և ընկերություններին, որոնք շարունակում են համագործակցել Թեհրանի հետ։

Հնարավոր թիրախների թվում փորձագետները նշում են Չինաստանը, ԱՄԷ-ն և Թուրքիան, ինչպես նաև բանկերը, նավթավերամշակող ձեռնարկություններն ու իրանական նավթի հետ կապված ֆինանսական կառույցները։

Միևնույն ժամանակ, Պարսից ծոցի երկրները հայտնվել են չափազանց բարդ իրավիճակում։ Նրանք ձգտում են պահպանել սերտ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, բայց միաժամանակ փորձում են պայմանավորվել Իրանի հետ՝ իրենց սեփական տնտեսությունը պաշտպանելու և առևտրային ուղիների անվտանգությունն ապահովելու համար։

Սաուդյան Արաբիան, Կատարը և ԱՄԷ-ն, փորձագետների կարծիքով, շարունակելու են հավասարակշռել Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Տարածաշրջանի երկրները նաև դիտարկում են բեռների փոխադրման այլընտրանքային երթուղիներ՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։

Հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել Օմանի և Իրանի մասնակցությամբ նեղուցի կառավարման մասին համաձայնագիրը, որը նախատեսում է նավերի անցման վճար։

Պարսից ծոցի երկրների համար նման տարբերակը կարող է շատ հեռու լինել իդեալականից, սակայն, ինչպես նշում են փորձագետները, նրանց համար ամենակարևորը տնտեսական «զարկերակները» բաց պահելն է։