Բոլոր հնարավոր տնտեսական անվտանգային հարցերում Հայաստանը ընտրել է, ընտրելու է այլընտրանքներ, բալանսներ և այդ մարտավարությունը շարունակվելու է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում ո՞րն է լինելու ռուսական գազի շուկայի այլընտրանքը Հայաստանի համար։

Հարցին՝ ո՞ր երկրից, նա պատասխանեց. «Բոլոր հնարավոր երկրներից, Դա օրակարգում այնքանով կա, որքանով այդ հրապարակային արձագանքները և մեջբերումները դուք լսում եք»։

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով է ճիշտ ռուսական ասեղից դուրս գալ ադրբեջանական ասեղի վրա նստել, Սիմոնյանն ասաց. «Ընդհանրապես ասեղով չի կարելի ապրել։ Հետո ո՞վ ասեց, որ մենք ինչ-որ մի երկրի կախվածությունը պատրաստվում ենք փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ։ Մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր տեղերից գազ գնել։ Եթե Ռուսաստանը մեզ գազ տա, Ռուսաստանից գազ կառնենք, Ադրբեջանը տա՝ Ադրբեջանից առնենք, Իրանը տա՝ Իրանից առնենք, եթե Թուրքիան ինչ-որ տեղից գազի հնարավորություն ունենա, իրենից էլ կառնենք միաժամանակ։ Իսկ ո՞վ ասաց, որ պետք է մի բանից դուր գալ և թռնել մեկ ուրիշի գրպանը։ Իսկ ո՞վ ասաց, որ ռուսական գազը էժան է, իսկ ո՞վ ասաց, որ գազի գինը մենակ դոլարով է չափվում։ Տեսնո՞ւմ եք, որ ինքը օգտագործում է որպես քաղաքական արժույթ։ Իսկ բենզինը ավելի էժան էր որտեղի՞ց բերել, իսկ հիմա որտեղից են մեր բենզալցակայանները բենզին լցնում, Ադրբեջանից։

Իսկ որ հիմա բենզինը թանկացել է, դա որևիցե կապ չունի բերելու հետ։ Ավելին ասեմ, Ռուսաստանում հիմա ընդհանրապես բենզին չկա, հիմա, ո՞րն է ավելի լավ։ Մեր երկիրը գտնվում է երկու կողմից դեռ փակ վիճակում և մենք հնարավորություն ենք ստեղծել մեր հարևան երկրից նավթամթերք գնելու և մեր պահանջները բավարարելու»։