Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան աշ-Շայբանիի գլխավորած սիրիական բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին նաև Գլխավոր հետախուզական վարչության և Ռազմական հետախուզության ղեկավարները, ԱՄՆ-ի միջնորդությամբ և Հորդանանի կազմակերպմամբ հանդիպում է անցկացրել իսրայելական բարձրաստիճան պատվիրակության հետ։ Այդ մասին SANA գործակալությանը հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական աղբյուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել սիրիական տարածքի նկատմամբ Իսրայելի վերջին հարվածներից և Սիրիայի հարավում լարվածության աճից հետո և անցկացվել է Սիրիայում ու տարածաշրջանում լարվածության դեէսկալացիայի և կայունության պահպանմանն ուղղված ջանքերի շրջանակում։

Քննարկումները կենտրոնացել են իսրայելական հարձակումները, ձերբակալություններն ու թիրախային գործողությունները դադարեցնելու գործնական մեխանիզմների ստեղծման, ինչպես նաև անվտանգության ոլորտում համաձայնության հասնելու նպատակով բանակցությունների վերսկսման վրա, որը հետագայում կարող է հիմք դառնալ ավելի համապարփակ համաձայնագրի համար։

Հանդիպման ընթացքում սիրիական կողմն ընդգծել է, որ Սիրիան ինքնիշխան պետություն է, որն ունի իր ազգային բանակը վերականգնելու և զարգացնելու, ինչպես նաև իր ազգային շահերին համապատասխան իր դաշինքներն ու գործընկերությունները որոշելու լիակատար իրավունք՝ մերժելով ցանկացած պայմանավորվածություն կամ մեխանիզմ, որը կսահմանափակի այդ ինքնիշխան իրավունքները։

Սիրիան նաև վերահաստատել է իր դիրքորոշումը, որ օկուպացված Գոլանի բարձունքները սիրիական տարածք են՝ միաժամանակ նշելով, որ այս փուլում դրանց վերջնական կարգավիճակի և հարցի լուծման ուղիների քննարկումը վաղաժամ է։ Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրը իսրայելական զորքերի դուրսբերումն է այն ճակատային գծեր, որոնք պահպանվում էին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը, ինչպես նաև 1974 թվականի ուժերի բաժանման մասին համաձայնագրի վերսկսումն ու լիարժեք իրականացումը։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում կայունության պահպանմանն ու տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևորությանը, ներառյալ Թուրքիայի և Իսրայելի միջև տարաձայնությունների հաղթահարմանն ուղղված ջանքերը և այն, որ երկու երկրների միջև լարվածությունը չանցնի Սիրիայի սահմաններից դուրս։

Աղբյուրի համաձայն՝ հանդիպումը նվիրված է եղել լարվածության դեէսկալացիայի գործնական քայլերին, ինչպես նաև բանակցությունների վերսկսման ուղիների որոնմանը։ Սիրիան ընդգծել է, որ անվտանգության ցանկացած միջոց պետք է հարգի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան իրավունքները։