Եվրահանձնաժողովը ցանկանում է տնտեսական դաշինք ստեղծել Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ, որպեսզի զսպի Եվրոպայում չինական ավտոարդյունաբերության աճը, հայտնում է Handelsblatt թերթը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի աղբյուրներին։
Գործընկերները նախատեսում են իրենց շուկաները միմյանց համար բաց պահել և համատեղ աշխատել կենսական նշանակություն ունեցող հումքային նյութերի մատակարարումների ուղղությամբ, փոխանցում է Bild-ը։
Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից ավտոմեքենաները կարող են ԵՄ-ում ստանալ նույն արտոնությունները, ինչ եվրոպական մեքենաները։ Խոսքը, մասնավորապես, էլեկտրամոբիլների գնման սուբսիդիաների և ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսված հարկային արտոնությունների մասին է։ Միաժամանակ Բրյուսելը դիտարկում է ներմուծման կտրուկ աճի դեպքում պաշտպանական մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։
Պատճառը Եվրոպայում չինական արտադրողների ներկայության արագ ընդլայնումն է։ Handelsblatt-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Չինաստանի բաժին է ընկել ԵՄ ներմուծված բոլոր հիբրիդների 60%-ը, իսկ մայիսից չինական բրենդներն առաջին անգամ Եվրոպայում միասին վերցրած ավելի շատ ավտոմեքենաներ են վաճառում, քան ճապոնական խոշոր կոնցեռնները։ Գերմանական ավտոարդյունաբերության համար սա հատկապես զգայուն է. մեկ տարվա ընթացքում ոլորտը կորցրել է ավելի քան 42 հազար աշխատատեղ։





























