Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է պայթուցիկ նյութի հայտնաբերումը Բրանդենբուրգ դաշնային երկրամասի Տուրնով-Պրայլակ համայնքի էլեկտրական ենթակայանում, որը տեղակայված է Յենշվալդե ածխային էլեկտրակայանի մոտակայքում։ Դեպքի վայրում աշխատում են զինամթերքի վնասազերծման մասնագետներ, հաղորդել է dpa գործակալությունը։
Առավոտյան օբյեկտում հայտնաբերվել էին էլեկտրահաղորդման մի քանի գծերի վնասումներ։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ պայթուցիկը հայտնաբերվել և վնասազերծվել է։ Ոստիկանությունը հայտնել է, որ բնակչության համար վտանգ չկա։
Էներգացանցերի օպերատորները ենթադրում են, որ անհայտ անձինք կարող էին նպատակ ունենալ շարքից հանել մի քանի գծեր և հրահրել էլեկտրամատակարարման խափանումներ։ 50Hertz ընկերությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տեղի է ունեցել միայն կարճատև խափանում։
«Ըստ նախնական տվյալների՝ անհայտ անձինք վնասել են 50Hertz ցանցի էլեկտրահաղորդման մի քանի գծեր», — Reuters-ին հայտնել են ընկերությունում։
Միևնույն ժամանակ, գերմանական իրավապահ մարմիններն առայժմ չեն հաղորդում, թե ով կարող է կանգնած լինել տեղի ունեցածի հետևում։ Բրանդենբուրգում տեղի ունեցած միջադեպը չեն կապում Լայպցիգի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերի գրոհի վերջին փորձի հետ։
Ակնկալվում է, որ երեքշաբթի ավելի ուշ Գերմանիայի կառավարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարություններով՝ Լայպցիգի միջադեպի և Ռուսաստանի հասցեին հնչեցված մեղադրանքների վերաբերյալ։





























