Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան: Նրան հասցեագրվել են բողոքներ, որոնք վերաբերում են ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով բողոքարկելուն: Ապրիլի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքի (17.06.2008թ. ՀՕ-123-Ն) 17-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, որտեղ հանգամանորեն ներկայացրել է կողմերի՝ Հաշտարարի կողմից կայացված որոշումները վիճարկել չկարողանալու հանգամանքը:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) սահմանում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի հիմնական նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանության իրականացումն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ եւ անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումն ու ֆինանսական միջնորդության ավելացումը:

Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդի կողմից անվերապահորեն եւ գրավոր ձեւով համաձայնվելու դեպքում այն կողմերի համար դառնում է պարտադիր:

Վիճարկվող դրույթի /17-րդ հոդվածը/ վերաբերյալ ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը, որտեղ ֆինանսական հաշտարարի որոշումներն առանց սահմանափակման կարող են բողոքարկվել դատական կարգով: Չնայած այն հանգամանքին, որ Հաշտարարը պետական մարմին չէ, ուստի եւ իր կողմից կայացված որոշումները վարչական ակտ չեն, այնուամենայնիվ Հաշտարարի որոշումները ինչպես եւ վարչական ակտերն ունեն պարտադիր բնույթ կողմերի համար եւ ուղղված են անձանց համար իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, ուստի նման դեպքերում կողմերի ցանկության դեպքում այդ որոշումները ենթակա են ըստ էության բողոքարկման դատական կարգով:

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու համար սահմանափակումներ նախատեսելը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ՀՀ Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ունի արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք /19.1/։

ՍԴ-ին ուղղված դիմումում ասվում է.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

ԴԻՄՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքի (17.06.2008թ. ՀՕ-123-Ն) 17-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ

Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքը (այսուհետ` Օրենք) սահմանում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի հիմնական նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանության իրականացումն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ եւ անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումն ու ֆինանսական միջնորդության ավելացումը:

Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ընդունվող որոշումները եւ այդ որոշումների բնույթը: Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն եւ գրավոր ձեւով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: Միաժամանակ նույն օրենքի 17-րդ հոդվածը նախատեսում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը: Այդպիսով Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝

1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից,

2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ,

3)բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Գտնում ենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի (այսուհետ` Հաշտարար) որոշումը չեղյալ ճանաչելու համար սահմանափակումներ նախատեսելը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը հետեւյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։ ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածին համապատասխանաբար`  մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Նշված սահմանադրական դրույթներին համապատասխան Հաշտարարի մասին օրենքում նախատեսվել է իրավասու դատարանում Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հնարավորություն: Սակայն չեղյալ ճանաչելու համար սահմանվել են հիմքեր, որոնք խիստ սահմանափակ են, ինչի արդյունքում կողմերին չի տրվում հնարավորություն Հաշտարարի որոշումը իրավասու դատարանում վիճարկելու ըստ էության, մասնավորապես` վիճարկել որոշման հիմքում ընկած փաստական հանգամանքները:

Հատկանշական է, որ վիճարկվող դրույթի վերաբերյալ ուսումնասիրելով միջազգային փորձը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական օմբուդսմենի մասին կանոնագիրքը` պարզ է դառնում, որ ՌԴ Ֆինանսական օմբուդսմենի որեւէ որոշում չունի կողմերի համար պարտադիր ուժ եւ/կամ բնույթ, այլ հիմնված է կողմերի բարի կամքի դրսեւորման սկզբունքի հիման վրա: Ուսումնասիրվել է նաեւ Իռլանդիայի Հանրապետության Ֆինանսական Օմբուդսմենի գործունեությունը կարգավորող օրենքը, որի դրություների համաձայն` Ֆինանսական Օմբուդսմենի որոշումները պարտադիր են կողմիերի համար, սակայն կայացված որոշման հետ անհամաձայնության դեպքում, առանց որեւէ սահմանափակումների (հիմքերի), կողմերը կարող են բողոքարկել Օմբուդսմենի որոշումը իրավասու դատարան: Իռլանդիայի Հանրապետության Ֆինանսական Օմբուդսմենի մասին օրենքի վերլուծությունից պարզ է դառնում, որ կողմերին ընձեռված է համապատասխան որոշումները դատական կարգով արդյունավետ բողոքարկելու հնարավորություն` առանց որեւէ սահմանափակումների:

Եվրոպայի Խորհրդի թիվ Rec(2004)20 առաջարկության համաձայն` վարչական ակտերի վերանայումը դատական կարգով մարդու իրավունքների պաշտպանության կարեւորագույն միջոցներից մեկն է: Նույն առաջարկության համաձայն` դատական կարգով վարչական ակտի վերանայում նշանակում է դատարանի կողմից վարչական ակտի ուսումնասիրությունը եւ օրինականության ստուգումը: Եվրոպայի Խորհրդի վերոնշյալ առաջարկության համաձայն /Rec(2004)20/ դատարանները ցանկացած խախտման դեպքում պետք է հնարավորություն ունենան լիարժեք վերանայելու վարչական ակտերը:

Հաշտարարի մասին օրենքի համաձայն` Հաշտարարը իրեն վերապահված լիազորություններն իրացնելու միջոցով հաճախորդների կողմից Կազմակերպությունների դեմ ներկայացված պահանջները քննող եւ դրանց վերաբերյալ որոշումներ ընդունող ֆիզիկական անձ է: Հատկանշական է, որ Հաշտարարի որոշումներն ունեն պարտադիր իրավական ուժ կողմերի համար: Չնայած այն հանգամանքին, որ Հաշտարարը պետական մարմին չէ, ուստի եւ իր կողմից կայացված որոշումները վարչական ակտ չեն, այնուամենայնիվ Հաշտարարի որոշումները ինչպես եւ վարչական ակտերն ունեն պարտադիր բնույթ կողմերի համար եւ ուղղված են անձանց համար իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ այն որոշումները, որոնք ունեն կողմերի համար պարտադիր բնույթ, կողմերի ցանկության դեպքում ենթակա են ըստ էության բողոքարկման դատական կարգով: Հաշտարարի մասին օրենքի 17-րդ հոդվածի դրույթի կիրառման արդյունքում հիմնականում կազմակերպությունները, այլ ոչ հաճախորդները, արդյունավետ չեն կարողանում վիճարկել հաշտարարի որոշումները, քանի որ Հաշտարարի որոշումը պարտադիր է դառնում կողմերի համար միայն այն դեպքում, երբ հաճախորդն անվերապահորեն եւ գրավոր ձեւով համաձայնվում է որոշման հետ, ուստի կազմակերպությունները պրակտիկայում զրկվում են Հաշտարարի վճիռը արդյունավետ կերպով վիճարկելու հնարավորությունից, քանի որ համապատասխան հոդվածում զետեղված երեք հիմքերից եւ ոչ մեկը չի վերաբերում Հաշտարարի կողմից կայացված որոշման ըստ էության բողոքարկմանը եւ/կամ վիճարկմանը:

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ ՄԻԵԿ) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք: Միաժամանակ Եվրոպական Խորհրդի առաջարկություններից (R (95) 5) մեկի համաձայն` քաղաքացիական գործերով անձանց պետք է տրամադրվի բողոքարկման հնարավորություն: ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (այսուհետ ՄԻԵԴ) կայացրած վճիռների թիվը գրեթե կազմում է ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների ընդհանուր թվի կեսը: Կցանկանայինք առանձնացնել Մարլեն Կրեսի գործով ( Կրեսն ընդդեմ Ֆրանսիայի, 07.06.2001թ. ) ՄԻԵԴ-ի դիրքորոշումը, համաձայն որի` կողմերի հավասարությունն արդարացի դատական քննության առավել լայն հասկացության բաղկացուցիչ տարրերից է եւ այն պահանջում է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն ունենա իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, երբ կողմերից որեւէ մեկը հակառակ կողմի նկատմամբ ակնհայտ առավելություն չունի:

Ըստ ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածի մեկնաբանությունների` մեկնաբանվող սահմանադրական հոդվածին համարժեք ՀՀ սահմանադրական դատարանը ամենամեծ թվով գործերով (շուրջ 15 գործով) օրենքի նորմերն անվավեր է ճանաչել ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածին չհամապատասխանելու հիմքով: Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանն իր` 04.04.2008 թվականի ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետում, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին պարբերության դրույթների մեկնաբանությանը, ամրագրել է հետեւյալը. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի` անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները»: ՀՀ սահմանադրական դատարանի ` 07.09.2010 թվականի ՍԴՈ-906 որոշման 5-րդ կետում նշվել է նաեւ, որ ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլոց, ներառում է անմիջականորեն դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են:

Հատկանշական է նաեւ, որ 2008 թվականին ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկվել է քրեակատարողական օրենսգրքի այն դրույթը, որը կարգավորում էր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մաuն ավելի մեղմ պատժատեuակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշումների դատական բողոքարկման հնարավորությունը, համաձայն որի` այն կարող էր բողոքարկվել միայն այն դեպքերում, երբ այդ որոշումը կայացվել է ՀՀ Նախագահի հրամանագրով uահմանված կարգի խախտմամբ: Սահմանադրական դատարանն իր` 05.02.2008 թվականի ՍԴՈ-733 որոշմամբ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն օրենքին հակասելու դեպքում դատական կարգով բողոքարկելը սահմանափակելու մասով ճանաչել է ՀՀ սահմանադրությանը հակասող: Ուստի կարելի է եզրակացնել, որ ՀՀ սահմանադրական դատարանը բացասաբար է մոտենում կողմերի համար պարտադիր բնույթ ունեցող որոշումների դատական կարգով բողոքարկման հնարավորությունն սահմանափակելուն:

Ուստի ելնելով վերոգրյալ հիմնավորումներից եւ այլ Պետությունների համապատասպան փորձից` կարելի է եզրակացնել, որ վիճարկվող դրույթի գործելու եւ նախատեսող սահմանափակումների արդյունքում, Կողմերը չեն կարողանում արդյունավետ կերպով վիճարկել Հաշտարարի կողմից կայացված որոշումները:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով եւ 101-րդ հոդվածի 8-րդ կետով` խնդրում եմ որոշել ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքի (17.06.2008թ. ՀՕ-123-Ն) 17-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը: