ԱՄՆ բանակը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար բարձր էներգիայի լազերային սպառազինության համակարգի արտադրության առաջին պայմանագրի կնքման մասին։
Նրա հաղորդագրության մեջ նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ամերիկյան AeroVironment (AV) ընկերության հետ՝ բարձր հզորության կայուն մարտական լազերի (Enduring-High Energy Laser - E-HEL) արտադրության ծրագրի շրջանակում։
«Ուղղորդված էներգիայի այս եզակի ծրագիրը մեր ստորաբաժանումներին հնարավորություն կտա հաղթահարել անօդաչու համակարգերը և գերիշխել հենց սկզբից։ Մարդկային հնարամտության և առաջադեմ տեխնոլոգիաների համադրությունը երաշխավորում է, որ մեր բանակը կշարունակի առաջ անցնել Ամերիկայի հակառակորդներից», - հայտարարել է ամերիկյան բանակի շտաբի պետի տեղակալ գեներալ Քրիստոֆեր Լա Նևեն։
«AV ընկերությունն ու բանակը տարիներ շարունակ աշխատել են ուղղորդված էներգիայի ոլորտում լուծումների մշակման վրա, և մենք հպարտ ենք, որ կարող ենք մեր զինվորներին տրամադրել վճռորոշ առավելություն անօդաչուներից բխող սպառնալիքների դեմ պայքարում», - ասել է բանակի նախարարի տեղակալ Մայք Օբադալը։
ԱՄՆ բանակում նշել են, որ E-HEL ուղղորդված էներգիայի մարտական համակարգը կարող է օգտագործվել անօդաչուների ոչնչացման համար՝ շատ ավելի ցածր ծախսերով, քան հրթիռները։ Էլեկտրական էներգիայով աշխատելով՝ այն ստեղծում է մահաբեր բարձր էներգիայի լազերային ճառագայթ՝ ապահովելով կրակոցի ցածր արժեք, ինչպես նաև ունի լիցքավորման պաշար, որը համալրվում է համակարգի սնուցման աղբյուրի միջոցով։
Նշվում է, որ համակարգը մշակված է օպերատիվ ճկունության համար և կարող է տեղակայվել ստացիոնար բազաներից, կիսաստացիոնար տակտիկական դիրքերից և շարժական մարտական մեքենաներից՝ ապահովելով լայն կիրառություն ամբողջ օպերատիվ սպեկտրում։





























