Ռուսթավիի բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր նախկին զինակիցը և «Միացյալ ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիան ամեն անգամ, երբ ինքը անցնում է միջանցքով, բարձրաձայն անպարկեշտ «պերֆորմանսներ» է կազմակերպում, հաղորդում է Georgia Online-ը։
Սաակաշվիլիի խոսքով՝ Մելիան իր խցից հայհոյանքներ է բղավում։ Վրաստանի նախկին նախագահը տեղի ունեցողը համեմատել է այն իրավիճակի հետ, երբ իրեն էին վիրավորում բանտարկյալները Գլդանիի բանտում գտնվելու ժամանակ։
«Ամեն անգամ, երբ անցնում եմ միջանցքով, իր խցից ամբողջ ձայնով ինձ հասցեագրում է անպարկեշտ հայհոյանքներ՝ ճիշտ այնպես, ինչպես Գլդանիում ինձ հայհոյում էին քրեականները», — գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում։
Նա հավելել է, որ չի կարող հասկանալ, թե կոնկրետ ինչի է ձգտում Մելիան, քանի որ, նրա խոսքով, վերջինս բացի հայհոյանքներից այլևս ոչինչ չի ասում։ Սաակաշվիլին նաև պնդում է, որ Մելիայի վարքագիծը նյարդայնացնում է բանտի աշխատակիցներին։
Նիկա Մելիան Ռուսթավիի բանտում է գտնվում 2025 թվականի մայիսից։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա մեղավոր է ճանաչվել երեք քրեական գործերով, որոնք կապված են դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և վիրավորանքի, ինչպես նաև հնարավոր հանցագործությունները քննող խորհրդարանական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու հետ՝ «Միացյալ ազգային շարժման» իշխանավարման ժամանակաշրջանի վերաբերյալ։ Պատիժների կլանման սկզբունքը հաշվի առնելով՝ նրա ազատ արձակման ժամկետ է համարվում 2026 թվականի վերջը։
Սաակաշվիլին պատիժ է կրում լիազորությունների գերազանցման, պետական միջոցների վատնման և սահմանն ապօրինի հատելու գործերով։ Նրա ազատազրկման ընդհանուր ժամկետը սահմանված է մինչև 2034 թվականը։ Երկու քաղաքական գործիչների նկատմամբ նոր քրեական գործերը նույնպես շարունակում են քննվել։
Մելիան գլխավորել է Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը» 2020–2023 թվականներին, սակայն լքել է կուսակցությունը նախկին նախագահի և նրա կողմնակիցների հետ հակամարտությունից հետո։ Հետագայում նա Նիկա Գվարամիայի հետ միասին հիմնադրել է «Ախալի» կուսակցությունը։
2026 թվականին նախկին դաշնակիցների միջև հակամարտությունը կրկին դուրս է եկել հանրային դաշտ։ Սաакաշվիլին և Մելիան սոցիալական ցանցերի միջոցով միմյանց մեղադրում էին ստի, դավաճանության և իշխանող «Վրացական երազանք» կուսակցության հետ գաղտնի պայմանավորվածությունների մեջ։


























