Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 58-ը տուժել են Բոլիվիայում ռազմական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, մինչդեռ իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել, հայտնում է AFP-ն։
Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտ 14:30-ին, երկրի մայրաքաղաք Լա Պասից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող Վիաչա քաղաքում։ Բազայի տարածքում տեղակայված է հրետանային գունդ։
Բոլիվիայի պաշտպանության նախարար Էռնեստո Խուստինիանոն հայտնել է, որ պայթյունի պատճառը «պիրոտեխնիկական նյութի» դետոնացիան է եղել։ Միևնույն ժամանակ առողջապահական մարմինների ներկայացուցիչ Ռիտա Նեբրասկան տեղական հեռուստատեսությանը հայտնել է, որ զոհերի թիվը, նախնական տվյալներով, կարող է կազմել 10-ից 15 մարդ։
Պայթյունից վնասվել են մոտակայքում գտնվող տասնյակ տներ. հիմնականում դրանցում ապակիներն են կոտրվել։ Փրկարարները շարունակում են փլատակների ապամոնտաժումն ու հնարավոր տուժածների որոնումը։
Նեբրասկայի խոսքով՝ նոր պայթյունի վտանգը պահպանվում է։ Նա բնակիչներին կոչ է արել ռազմական բազայից առնվազն 150 մետր հեռավորություն պահպանել։
Ոստիկանության ներկայացուցիչ Ռոջեր Ռոկան AFP-ին հայտնել է, որ բազայի տարածքում հրավառության պարագաներ էին պահվում։ Դետոնացիայի պատճառները պարզվում են։
Վիաչայի իշխանությունները քաղաքում եռօրյա սուգ են հայտարարել։




























