Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է հաստատել լիակատար հրադադար, որը պետք է տարածվեր ինչպես ճակատային գծի, այնպես էլ օդային տարածքի վրա, սակայն Մոսկվան չի պատասխանել այդ առաջարկին։ Այս մասին «Հանրայինին» տված մեկնաբանությունում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, տեղեկացնում է РБК-Украина-ն։
Ըստ Բուդանովի, խոսքը վերաբերում էր ոչ միայն Ուկրաինայի տարածքի վրա ռուսաստանյան հարվածների դադարեցմանը, այլև անմիջապես ճակատում մարտական գործողությունների լիակատար դադարեցմանը։ Առաջարկը, ինչպես պնդում է նախագահի գրասենյակի ղեկավարը, անձամբ փոխանցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Բայց դրոնները թռչում են, դուք բոլորդ տեսել եք», — ասել է Բուդանովը՝ մեկնաբանելով Մոսկվայի արձագանքի բացակայությունը։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները պետք է կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, Մոսկվա կատարած այցից հետո ժամանեն Կիև։
Բուդանովի կարծիքով, ուկրաինական մայրաքաղաքում նրանց գտնվելու ընթացքում Ռուսաստանը, հնարավոր է, հարվածներ չհասցնի Կիևին, սակայն այս հարցի վերաբերյալ Կիևը Ռուսաստանից որևէ երաշխիք չի ստացել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուիտկոֆն ու Քուշները Մոսկվա և Կիև են տանում պատերազմի ավարտի վերաբերյալ առաջարկ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուիտկոֆի և Քուշների բիզնես-ջեթը վայրէջք է կատարել Մոսկվայում։




























