Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է Ուկրաինայում հակամարտության բոլոր խորքային պատճառների վերացման անհրաժեշտությունը։ Այդ մասին Կրեմլում ավելի քան երեք ժամ տևած բանակցությունների արդյունքներով հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է «Интерфакс»-ը։

Ըստ նրա, ռուսաստանյան կողմն ամերիկացի ներկայացուցիչներին ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակի իր գնահատականները՝ նշելով ռուսաստանյան զորքերի առաջխաղացումը և վստահություն հայտնելով առաջադրված նպատակներին հասնելու հարցում։ Ուշակովը նաև հայտնել է, որ Ուիթքոֆը և Քուշները ներկայացրել են կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ մի շարք նկատառումներ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, հայտարարել է, որ Պուտինի և ամերիկացի բանակցողների հանդիպման փաստն ինքնին վկայում է հաղորդակցության այս ուղու շրջանակում վստահության մթնոլորտի առկայության և ամրապնդման մասին։ Ըստ նրա, հանդիպման ընդլայնված հրապարակային մասը հայտնվում է այն դեպքերում, երբ Ռուսաստանի առաջնորդը անհրաժեշտ է համարում ամերիկյան կողմին փոխանցել որոշակի ազդակներ, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Մոսկվայում բանակցություններից հետո Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Կիև, որտեղ հանդիպում են անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։