Ադրբեջանական լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ համախմբած հարձակվել են Բաքվի ԱՄՆ դեսպանատան վրա` փորձելով պարզել Վաշինգտոնի դիրքորոշումը ամերիկյան Freedom House հասարակական կազմակերպության հրատարակած քարտեզի վերաբերյալ, որտեղ Lեռնային Ղարաբաղը պատկերված չէ Ադրբեջանի կազմում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից ԼՂՀ-ին 8մլն դոլարի ֆինանսական օգնություն տրամադրելու մասին:
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերրի Դեվիդսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ անփոփոխ է մնում.
«Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Սա մեր քաղաքականությունն է եւ այն մնում է անփոփոխ: Ինչ վերաբերվում է ԱՄՆ Սենատի կողմից տրվող օգնությանը, ապա ԱՄՆ հատկացնում է ոչ թե իշխանություններին, այլ մարդկանց: Գումարը բացառապես տրամադրվել է իբրեւ հումանիտար օգնություն: Նման ծրագրերն իրականացվում են հասարակական կազմակերպությունների կողմից: Իհարկե, միեւնույն ժամանակ Միացյալ Նահանգները օգնություն են տրամադրում նաեւ ադրբեջանցի տեղահանված բնակչությանը: Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ վերջին տարիներին մենք նաեւ իրականացրել ենք ականազերծման լայնածավալ ծրագրեր, ջանքեր ենք գործադրել բռնի տեղահանվածների համար նոր դպրոցներ կառուցելու համար եւ տարբեր ծրագրերի միջոցով փորձել ենք ավելի բարեկեցիկ դարձնել նրանց կյանքը»:
Freedom House-ի քարտեզի, ինչպես նաեւ Ադրբեջանում ժողովրդավարության ծայրահեղ վիճակի մասին կտրուկ քննադատությանը վերաբերող հարցերով Թերրի Դեվիդսոնը լրատվամիջոցների ներկայացուցիչներին խորհուրդ տվեց դիմել հենց կազմակերպությանը, նշելով, որ ԱՄՆ-ի կառավարությունը ոչ մի կապ չունի նրա հետ:




























