Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպան պարոն Յոզեֆ Միգաշը (նստավայրը` Մոսկվա)։
ՀՀ նախագահի աշխատակազմից NEWS.am-ին տեղեկացրել են, որ շնորհավորելով դիվանագետին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանը կարեւորել է երկու երկրների միջեւ կանոնավոր շփումները, քաղաքական երկխոսության ակտիվացումը, եւ ընդգծել, որ այն նպաստավոր հիմք է ստեղծում տնտեսության ու այլ բնագավառներում փոխգործակցության հետագա խորացման համար։
Սերժ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել Սլովակիայի խորհրդարանի կողմից 2004 թ.-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար։
Խոսելով երկկողմ առեւտրատնտեսական կապերի մասին` Հայաստանի նախագահը եւ Սլովակիայի դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրները դեռեւս շատ անելիքներ ունեն դրանց զարգացման ուղղությամբ։ Այդ առումով նրանք առաջնային են համարել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Դեսպան Միգաշը նշել է, որ Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել իր գիտական ներուժով, եւ իրենք շահագրգռված են այս ոլորտում գործակցության խորացմամբ։
Կողմերը հետաքրքրվածություն են արտահայտել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափով, մասնավորապես` օգտագործելով Արեւելյան գործընկերության ծրագրի հնարավորությունները, ընդլայնել համագործակցության շրջանակները։ Նրանք կարեւորել են մուտքի արտոնագրերի ընթացակարգի դյուրացումը։
Նորանշանակ դիվանագետը նաեւ ասել է, որ իր երկիրը ողջունում եւ պաշտպանում է հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի նախագահի նախաձեռնությունը։ Նախագահ Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել Սլովակիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ։




























