Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունում ընթացող ներկուսակցական խմորումները Համահնչակյան կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի պառակտիչ դիրքորշման արդյունք են։ Այս մասին դեկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՍԴՀԿ հայաստանյան կենտրոնական վարիչ մարմնի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ ավելացնելով, որ դեկտեմբերի 16-17-ին ՍԴՀԿ արտակարգ համագումարի հրավիրումը կուսակցության գործող կանոնադրության կոպիտ խախտում է։

Ըստ նրա՝ արտակարգ համագումարի հրավիրման մասին հայտարարությունը ստորագրողներից միայն 4-ն են գործող կուսակցական մարմիններ։ «Ստորագրողների թվում է նաեւ Արմավիրի մարզային վարչությունը, որը գոյություն չունի, կամ նշված է՝ Վանաձորից ոմն Արտյոմ Խոյեցյան։ ՍԴՀԿ-ում նման անդամ ընդհանրապես չկա, նույնն է, որ փողոցում մեկին խնդրեն, որ ստորագրի հայտարարության տակ»,- ասաց ՍԴՀԿ վարիչ մարմնի ատենապետ Լ. Սարգսյանը։ Նրա համոզմամբ՝ ՍԴՀԿ-ի պառակտման ակունքներում կանգնած են իշխանությունները, որոնք ստեղծել են գրպանային ընդդիմություն եւ քաղաքական դաշտում չեզոքացրել Հայ ազգային կոնգրեսին։ «Նրանք ցանկանում են ՀԱԿ-ից դուրս բերել Հնչակյան կուսակությանը՝ միակ ավանդական կուսակցությանը, որ իշխանության հետ կապ չունի»,- ասաց ատենապետը՝ ավելացնելով, որ իշխանության հետ համագործակում է Համահնչակյան կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, որը, ըստ Սարգսյանի, Հայաստանում խոշոր բիզնեսներ ունի, եւ տնտեսական շահի համար փորձում է դուրս բերել ՍԴՀԿ-ն ընդդիմության շարքերից։ «Սեդրակ Աճեմյանն անձամբ ինձ ակնարկել է ընդդիմությունից դուրս գալու մասին, բայց հասկանալով, որ ես նման քայլի չեմ գնա, փորձում է այլ միջոցներով հասնել ցանկացածին»,- նշեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ Ս.Աճեմյանին եւ նրա համախոհներին դա չի հաջողվի։

Լ. Սարգսյանի համոզմամբ՝ Ս. Աճեմյանի հետ համագործակցում է նաեւ ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը, որը, ատենապետի խոսքով, եւս մտադիր է դառնալ կուսակցության ղեկավարներից։

ՍԴՀԿ հայաստանյան ատենապետը այսօր նաեւ հայտարարեց, որ արտակարգ համագումար հրավիրողները ծախուների խումբ են, իսկ այդ անօրինական համագումարը հրավիրելու դեպքում Համահնչակյան կետրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի վարքագիծը քննության առնելու հարց են բարձրացնելու։