Վերջին տասնամյակներում Ռուսաստանը լրջորեն կորցրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և այն, ինչ տեղի կունենա կամ չի տեղի ունենա «Թրամփի երթուղու» շուրջ, նույնպես կփոխի իրավիճակը Կովկասի այս հատվածում. ամերիկյան ազդեցությունը կուժեղանա, սակայն Ռուսաստանը երբեք ամբողջությամբ չի հեռանա Կովկասից, քանի որ դա նրան բավականին մոտ տարածք է։ Այդ մասին «Ուժի գործոն» հաղորդման ընթացքում, հյուրընկալվելով NEWS.am-ին, հայտարարել է Ռուսաստանի միջազգային հարցերի խորհրդի նախագահ, քաղաքագետ Դմիտրի Տրենինը։
Նրա խոսքով՝ այս տարածաշրջանում Ռուսաստանն ունի որոշակի շահեր, որոշակի գործոններ, որոնք աշխատում են նրա օգտին, կան գործընկերներ, որոնց հետ նա համագործակցում է։ Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանին ամբողջությամբ դուրս մղել չի հաջողվի։
«Այո, հնարավոր է՝ հաջողվի որոշ չափով նեղացնել ռուսական ազդեցությունը, բայց թե դա ինչ կտա մյուս խաղացողներին, հետաքրքիր հարց է»,- նշել է Տրենինը՝ հիշեցնելով TRIPP-ի հարցում Իրանի կոշտ դիրքորոշման մասին։
Փորձագետը պարզաբանել է, որ Ռուսաստանն այսօր ամբողջ մակրոշրջանին նայում է որոշ չափով այլ կերպ, քան Խորհրդային Միության տարիներին։ Տրենինի գնահատմամբ՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ ունի բարդ հարաբերություններ, սակայն, այնուամենայնիվ, ավելի շուտ դրական, քան բացասական նշանով, Իրանի հետ Ռուսաստանը բավական առաջադեմ հարաբերություններ ունի, և Ռուսաստանը խաղացող է նաև մի շարք այլ հարթակներում։
«Ռուսաստանի համար, ինչպես շատ երկրների, դրանց թվում՝ մեծ երկրների, այսօր շատ ավելի կարևոր է այն, ինչ տեղի է ունենում իր սահմանների ներսում, քան սահմանների ծայրամասերում։ Ռուսաստանի համար շատ ավելի քիչ կարևոր է ազդեցությունը Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և այլն, քան իր սեփական տարածաշրջանների զարգացումը, արդյունաբերության նոր ճյուղերի զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաների նոր ուղղությունների զարգացումը։ Շատ ավելի նվազ կարևոր է, թե քանի երկիր եք դիտարկում որպես ձեր կրտսեր դաշնակից կամ որոնց հովանավորում եք, քան ձեր սեփական կշիռը համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ, ռազմաքաղաքական ոլորտում, տեխնոլոգիական ոլորտում, տնտեսական ոլորտում և այլն»,- նշել է նա։
Նրա կարծիքով՝ այս լուրջ փոփոխությունները տեղի են ունենում ոչ միայն Ռուսաստանի, այլև նույն ԱՄՆ-ի հետ։ Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչպես է ԱՄՆ-ում փոխվում վերաբերմունքը դաշնակիցների նկատմամբ, և շեշտը դրվում է բուն Միացյալ Նահանգների սեփական դիրքերի ամրապնդման, ոչ թե դաշնակիցներին աջակցելու վրա։
«Նայեք Չինաստանին, որն, ըստ էության, դաշնակիցներ չունի այն իմաստով, որով դրանք գոյություն ունեն Միացյալ Նահանգների դեպքում, և այնուամենայնիվ Չինաստանը բազմաթիվ ցուցանիշներով Ամերիկայի հետ հավասար է քայլում, իսկ որոշ ցուցանիշներով էլ առաջ է անցնում ԱՄՆ-ից»,- ընդգծել է Տրենինը։
Նրա գնահատմամբ՝ համաշխարհային քաղաքականության ընդհանուր ծանրության կենտրոնն ավելի ու ավելի է տեղափոխվում դեպի այն, ինչ տեղի է ունենում բուն երկրի ներսում, իսկ մյուս երկրները նվազ կարևոր են, քան դա եղել է պատմության նախորդ շրջանում։
Փորձագետը պարզաբանել է, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում 2020-ականների սկզբից, բավական խորքային վերաիմաստավորում և այդ վերաիմաստավորման հիման վրա եզրակացություններ են պահանջում, իսկ այն, ինչ տեղի է ունենում ռուս-հայկական հարաբերություններում, ամբողջ տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի նոր մոտեցման ձևավորման գործոններից մեկն է։
«Եթե վերցնենք տարածաշրջանում այսօրվա իրավիճակը՝ Հարավային Կովկասի երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների մասով, և դա համեմատենք 15 տարի առաջ եղածի հետ, ապա կտեսնենք ցնցող փոփոխություններ, կնկատենք, որ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել։ Վրաստանի հետ հարաբերությունները՝ Սաակաշվիլիի հեռանալուց հետո, Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ ղարաբաղյան պատերազմից հետո, և Հայաստանի հետ հարաբերությունները՝ ամեն ինչ շատ էականորեն փոխվել է և շարունակում է փոխվել։ Այսօր գերակշռում է այն պատկերացումը, որ Հայաստանը գնում է այն ճանապարհով, որով նրան տանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի ներսում ժողովրդավարական ընդդիմության որևէ հնարավորություն շատ խիստ սահմանափակված է»,- ընդգծել է քաղաքագետը։
Փորձագետը հավաստիացրել է, որ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին քաղաքականությանը և ռեժիմներ չի տապալում։ «Միաժամանակ, նրան սպասում է լուրջ մտավոր աշխատանք, որպեսզի նորից գնահատի իրավիճակը և որոշում ընդունի իր քաղաքականության վերաբերյալ։ Մենք հավաքական Արևմուտքի հետ պատերազմի վիճակում ենք։ Իսկ հավաքական Արևմուտքն օգտագործում է ցանկացած հնարավորություն՝ մեզ թուլացնելու, ստիպելու մեզ շեղվելու տարբեր ճգնաժամերի վրա, որոնք հրահրվում են Ռուսաստանի նկատմամբ և նույնիսկ, գուցե, ելքով դեպի Ռուսաստանի տարածք (Չեչնիա, Հյուսիսային Կովկաս և այլն)։ Ցավոք, այդ խնդիրը բավական երկար կգտնվի մեր օրակարգում։ Այսպիսով, մեզ, անշուշտ, պետք են բնականոն, կայուն, լավ, վստահելի հարաբերություններ մեր հարևանների հետ։ Դա առաջին խնդիրն է»,- հայտարարել է Տրենինը։
Քաղաքագետը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կայսրություն կառուցելու կամ վերականգնելու փուլում չէ, այլ առաջ է մղում ազգային շահերը և պատրաստ է աշխատել հարևան երկրների ցանկացած կառավարությունների հետ, եթե դրանք Ռուսաստանի նկատմամբ ոչ թշնամական քաղաքականություն են վարում ։
Նա ճշտել է, որ Մոսկվայի առաջնահերթ խնդիրը այնպիսի հարաբերությունների հաստատումն է, որոնք հնարավորություն կտան առաջ մղել սեփական շահերը և կբացառեն հարևանների օգտագործումը հակառակորդների ձեռամբ՝ ի վնաս Ռուսաստանի շահերի։
Միաժամանակ Տրենինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը չի հավակնում, որ Հարավային Կովկասը լինի իր ազդեցության գոտին՝ մատնանշելով տնտեսությանը, «Հյուսիս – Հարավ» նախագծին, Հյուսիսային Կովկասի անվտանգության խնդիրներին առնչվող շահերը։
Նա նկատել է, որ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Կենտրոնական Ասիայում ռուսական ազդեցությունն էապես նվազել է, իսկ այլ երկրների ազդեցությունը էապես աճել է։ «Բայց դա բոլորովին այլ իրավիճակ է։ Սակայն ես ևս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք չենք ձգտում վերականգնել կայսրությունը։ Մեզ հետաքրքրում է «Հյուսիս-Հարավ»-ը։ Մեզ հետաքրքրում է ունենալ միջազգային տրանսպորտային միջանցք, որը մեզ թույլ կտա հաղորդակցվել հսկայական տարածաշրջանների հետ։
Մենք չենք զբաղվում նրանով, որ, ինչպես ասում է Թրամփը, ինքնիշխան պետությունների նախագահների փոխարեն ամերիկացի նահանգապետեր նշանակենք»,- եզրափակել է փորձագետը։


























