Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 10-ին հանդիպել են Կալգարիում և ստորագրել Հարյուրամյա գործընկերության հռչակագիրը, որում ներկայացրել են իրենց երկրների միջև հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մտադրությունը և հաստատել իրենց հայացքների ընդհանրությունը։ Այս մասին հայտնել են Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունում։
Ինչպես հայտնում է BBC-ն, Կանադան նաև համաձայնեցրել է Ուկրաինային 250 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթ։
Քարնին հայտնել է, որ երկու երկրները համաձայնության են եկել Ուկրաինային հակաօդային պաշտպանության միջոցներ մատակարարելու շուրջ, որոնք կենսական նշանակություն ունեն ռուսական ուժեղացող հարվածների ֆոնին։ Վարչապետի խոսքով՝ դա կօգնի պաշտպանել Ուկրաինայի ժողովրդին, ենթակառուցվածքները և երկինքը։
Հաղորդվում է, որ սարքավորումները և զինամթերքը կմատակարարվեն այն ծրագրի շրջանակում, որը թույլ է տալիս Ուկրաինայի դաշնակիցներին ԱՄՆ-ից գնել անհրաժեշտ սպառազինությունը և այն փոխանցել Ուկրաինային։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է Reuters-ը, պատերազմի սկզբից ի վեր Կանադայի օգնությունը Ուկրաինային հասել է 6,15 միլիարդ դոլարի։
Քարնին նաև հայտնել է անօդաչու թռչող սարքերի արտադրության կտրուկ՝ ներկայիս 2000-ից մինչև միլիոնավոր հատ — ավելացման ծրագրի ստեղծման մասին։ Արտադրված անօդաչու թռչող սարքերի մեկ երրորդը կուղղվի Ուկրաինա, նշել է վարչապետը։



























