Իսկ ինչպիսի՞ աշխարհաքաղաքական փոփոխություններ կան Հայաստանում. Ոչ մի բան էլ չկա, ոչ մի ներդրող էլ չկա, ոնց չի եղել, այդպես էլ չկա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ներդրումն այն է, երբ դու ստեղծում ես հավելյալ արժեք։ Այսօր չկա ստեղծված հավելյալ արժեք, ութ տարվա ընթացքում ոչ մի ձեռնարկություն չի կառուցվել Հայաստանում, որ ստեղծեն հավելյալ արժեք։ Հիմա եթե ես իմ ընկերությունները ծախեմ Ռուբենին, դա եղավ ներդրո՞ւմ։ Ասենք, սեփականատերը փոխվեց, ի՞նչ է փոխվում հայ մարդու կյանքում։ Կարող է մի քիչ Ռուբենին ավելի շատ սիրեն, քան ինձ, բայց ոչ մի բան չի փոխվի։
Ներկա իշխանությունները գենետիկորեն ընդունակ չեն տնտեսություն զարգացնելու, տարբեր օտարոտի բառերով մեր ժողովրդին շշկռցնում են, իրենք ոչ մի բան չեն կարողանալու անեն, հաջորդ ութ տարին էլ մնան, չեն անելու։ Իրենք ձևը գտել են, պարտքը վերցնում, կախում են երկրի գլխին, դրանով միգուցե դիվերսիֆիկացնում են, բայց ռեալ ոչ մի բան չեն անում»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ 13.9 միլիարդ դոլարի արտաքին պարտքը կառավարելի է այս պահին, Սամվել Կարապետյանն ասաց. «Դե եթե մենք 1,4-1.5 մլրդ դոլար մենակ տոկոսներ վճարենք... շատ լավ կառավարում են։ Այսինքն մի պարտքը վերցնում ենք, հաջորդ պարտքի տոկոսներն ենք վճարում, ի՞նչն ենք կառավարում։ Չի ստեղծվում հավելյալ արժեք, պարտքը կառավարելի կլիներ, եթե իրենք զուգահեռ ստեղծեին հավելյալ արժեք ստեղծող ընկերություններ, բայց իրենք վերցնում, ասֆալտ են փռում։ Երկու տարի հետո այդ ասֆալտը դառնալու է այդ գյուղերի համար պրոբլեմ, իրենց փռած ասֆալտի որակը բոլորդ հասկանում եք»։





























