Հյուսիսային Կորեան շաբաթ օրը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի երկրների տվյալները:
Արձակումները տեղի են ունեցել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի եռակողմ զինվորական զորավարժությունների ավարտի հաջորդ իսկ օրը, որոնք Փհենյանը որպես սպառնալիք է դիտարկում իր անվտանգությանը:
Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ հրթիռների արձակումը ֆիքսվել է ԿԺԴՀ-ի արևելյան ափին գտնվող Վոնսան շրջանից: Երկրի զինված ուժերը խստացրել են հետևողականությունը և հրթիռարձակումների վերաբերյալ տեղեկատվության ակտիվ փոխանակում են իրականացնում ԱՄՆ-ի ու Ճապոնիայի հետ:
ԱՄՆ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտարարել է, որ հյուսիսկորեական հրթիռների արձակումն անմիջական սպառնալիք չի ներկայացրել ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների տարածքի համար: Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմն ընդգծել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում իր տարածքի և տարածաշրջանային դաշնակիցների պաշտպանության հանձնառությանը:
Հրթիռարձակումները տեղի են ունեցել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի մասնակցությամբ Freedom Edge հինգօրյա զորավարժությունների ավարտից անմիջապես հետո: Հարավկորեական կողմի պնդմամբ՝ վարժանքները պաշտպանական բնույթ են կրել և նպատակ են ունեցել ամրապնդել ԿԺԴՀ-ի միջուկային ուժերից բխող սպառնալիքների նկատմամբ երեք երկրների համատեղ արձագանքման կարողությունները:
Երկուշաբթի օրը՝ զորավարժությունների մեկնարկից հետո, Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Սոն Գին քննադատել էր դրանք՝ հայտարարելով, որ Փհենյանը պատրաստ է «ուժեղ և վճռական հակամիջոցներ» կիրառել։
Այս քայլը վկայում է Կորեական թերակղզում պահպանվող լարվածության մասին, որն ուղեկցվում է ԱՄՆ-ի ու դաշնակիցների պարբերական զորավարժություններով և ԿԺԴՀ-ի պատասխան հրթիռային փորձարկումներով:





























