Սեպտեմբերի 13-ին «AYB» դպրոցում տեղի են ունեցել Հայ գործարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված Buissup Challenge մրցույթի եզրափակիչ փուլն ու պարգևատրման արարողությունը։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կողմից 2019 թվականին հիմնադրված Հայ գործարարների ասոցիացիան ոչ առևտրային կազմակերպություն է, որը ձևավորում է համագործակցության հարթակ հայկական և միջազգային բիզնես համայնքների միջև։ Իր յոթ տարվա գործունեության ընթացքում Ասոցիացիան իրականացրել է բազմաթիվ գործարար միջոցառումներ և նախաձեռնություններ։

Եռօրյա ծրագրի շրջանակում շուրջ 150 երիտասարդ մասնագետներ, միավորված միջդիսցիպլինար թիմերում, աշխատել են հայկական խոշոր ընկերությունների ներկայացրած 10 իրական բիզնես խնդիրների վրա։

Խնդիրները ներկայացրել էին Ucom, Union LLC, Coffee House, Yan Products, Cinema Star, Sali, One Way Tour, Maple Leafs Clinic, Dalma Garden Mall և Bacon Product ընկերությունները։ Դրանք ընդգրկում էին բիզնեսի զարգացման արդի ուղղություններ՝ արհեստական բանականություն և թվայնացում, մարքեթինգ և վաճառքներ, հաճախորդների փորձ, անձնակազմի կառավարում և ներքին գործընթացների օպտիմալացում։

Եզրափակիչ օրը թիմերը ներկայացրել են իրենց լուծումները ընկերությունների ներկայացուցիչներին։ Առաջարկները կգնահատվեն կիրառելիության, նորարարության և բիզնեսի վրա ակնկալվող ազդեցության չափանիշներով։

3,5 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդը (մոտ 9,6 հազար դոլար) բաշխվել է այն թիմերի միջև, որոնք առաջարկել էին լավագույն լուծումները՝ ելնելով կիրառելիությունից, նորարարությունից և բիզնեսի վրա ակնկալվող ազդեցությունից։ Տարբեր անվանակարգերում հաղթած 10 թիմերը ստացել են յուրաքանչյուրը 350 000 դրամ։

Buissup Challenge մրցույթը ստեղծվել է որպես գործարար և մասնագիտական ներուժի հանդիպման հարթակ, որտեղ մասնակիցները ոչ միայն գաղափարներ են առաջարկում, այլև աշխատում են իրական խնդիրների վրա և իրենց լուծումները ներկայացնում անմիջապես որոշում կայացնող անձանց։

Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Գումաշյանը պարզաբանել է, որ Buissup-ը նախագիծ է, որն ուղղված է երիտասարդության շրջանում ձեռնարկատիրության զարգացմանը։ «Մենք արդեն մի քանի տարի իրականացնում ենք նախագծեր, որոնք միավորում են բիզնես գաղափարներով օժտված հազարավոր երիտասարդների՝ ջանք չխնայելով գործող և երիտասարդ բիզնեսի միջև կամուրջ դառնալու համար։ Մեզ համար կարևոր է, որպեսզի փորձառու գործարարներն ու ձեռնարկատերերը իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեն իրենց երիտասարդ գործընկերներին, որոնք փորձում են անել իրենց առաջին քայլերը։ Buissup Challenge-ը Buissup նախագծերի շրջանակում նոր ուղղություն է, որը կոչված է կապելու գործող բիզնեսը և սկսնակ մասնագետներին», — նշել է նա։

Երիտասարդ մասնագետները ոգևորված էին նախագծին մասնակցությամբ, որը նրանց տալիս է մեծ փորձ և հնարավորություն է ստեղծում շփումներ հաստատել բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել նրանց հետ քննարկել երկարաժամկետ համագործակցության հնարավորությունները։

Գումաշյանը տպավորված էր երիտասարդ մասնագետների կարողություններով, որոնք ընդամենը երկու օրվա ընթացքում ներկայացրել էին այնպիսի գաղափարներ, որոնք ընկերությունների մարքեթինգային թիմերը երբեմն տարիներով չեն կարողանում մշակել։

Նախագիծը Հայ գործարարների ասոցիացիայի կողմից իրականացվել է ամբողջովին անհատույց՝ Հայաստանում բիզնեսի զարգացման նպատակով։ «Չափազանց կարևոր են նաև երիտասարդ մասնագետների համար իրենց ներուժն իրացնելու, Հայաստանում մնալու, երկիրը չլքելու և հայրենիքում բիզնեսում իրենց քայլերն անելու հնարավորությունները», — ընդգծել է Գումաշյանը։