Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը կապված է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հետ։ Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Ըստ նրա՝ ամենամտահոգիչ երևույթներից մեկն այն օրինաչափությունն է, երբ Ադրբեջանի պահանջները նախ բարձրաձայնում է Իլհամ Ալիևը, իսկ հետո նույնաբովանդակ թեզեր են հայտնվում Հայաստանի ղեկավարության հայտարարություններում։ Մասնավորապես, Մանուկյանը խոսել է այսպես կոչված անկլավների խնդրի մասին։ Նրա խոսքով՝ սկզբում դրանց մասին խոսք անգամ չկար, և նման պահանջների համար ոչ մի իրավական հիմք գոյություն չուներ, սակայն հետագայում հայկական կողմի դիրքորոշումը փոխվեց։ Պատգամավորն ուշագրավ է համարում այս միտումը. նախ կոնկրետ պահանջը հնչեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որից հետո նմանատիպ դիրքորոշմամբ հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախ Ալիևն է ասում, հետո Նիկոլ Փաշինյանն է հաստատում։ Հակառակը երբեք չի եղել»,- նկատել է ընդդիմադիր գործիչը։

Նրա կարծիքով՝ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Հայկական ատոմակայանի շուրջ. Բաքուն պահանջում է փակել կայանը, ինչից հետո Հայաստանի իշխանությունները ևս սկսում են խոսել դրա անհրաժեշտության մասին։ Ընդ որում, պատգամավորը չի հերքում գործող կայանի տեխնիկական և բարոյական մաշվածության խնդիրը։ Սակայն, ըստ նրա, նախքան կայանը փակելու որոշում կայացնելը, պետք է հստակեցնել նոր ատոմակայանի մոդելը, ապահովել դրա կառուցման ֆինանսավորումն ու գործընկերների ներգրավվածությունը։

Ճիշտ նույն տրամաբանությունը պատգամավորը տեսնում է նաև սահմանազատման գործընթացում։ Տարածքային հարցերի քննարկումն այնպես է տարվում, որ ուշադրության կենտրոնում հայտնվում են միայն Ադրբեջանին անհրաժեշտ հատվածները, մինչդեռ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Սյունիքի տարածքների մասին գրեթե չեն խոսում։ Մասնավորապես, Մանուկյանը հիշատակել է Իշխանասարն ու Սյունիքի մարզի այլ հատվածներ։ Միաժամանակ, նրա գնահատմամբ, առանձնահատուկ նշանակություն ունեն Տիգրանաշենն ու Կիրանցը՝ տարածքներ, որոնք գտնվում են կարևոր միջպետական ավտոճանապարհների վրա։ «Ադրբեջանը ձգտում է իր ներկայությունն ապահովել մեր երկու միջպետական ճանապարհների՝ ռազմական տեսանկյունից կարևոր հատվածներում»,- ընդգծել է պատգամավորը։

Մեկ այլ լուրջ մարտահրավեր Մեսրոպ Մանուկյանը համարում է Սահմանադրության փոփոխությունը։ Նա այս նախաձեռնությունը անմիջականորեն կապում է Բաքվի պահանջների հետ՝ պնդելով, որ գործող իշխանությունն ամեն կերպ փորձում է այն կյանքի կոչել։ Պատգամավորն առանձին անդրադարձել է նաև հանրաքվեների թեմային։ Նրան վրդովեցնում է այն փաստը, որ հանրաքվե անցկացնելու հարցը, իր խոսքով, գնալով ավելի հաճախ է դառնում այլ պետությունների պահանջների առարկա։ Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ օտարերկրյա պետությունների ղեկավարները պետք է բանակցեն Հայաստանի քաղաքացիների կողմից ընտրված ղեկավարության հետ, այլ ոչ թե հանրաքվե անցկացնելու պահանջներով դիմեն հայ հասարակությանը։ «Այսօր Ռուսաստանն ասում է՝ պետք է հանրաքվե անեք։ Ադրբեջանն ասում է՝ պետք է հանրաքվե անեք։ Բայց եթե ժողովուրդն ընտրել է երկրի ղեկավար, կա երկրի ղեկավար՝ այլ պետությունների ղեկավարները հենց նրա՛ հետ էլ պետք է խոսեն»,- նշել է նա։

Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է նաև TRIPP նախագծին, որը Հայաստանի իշխանությունները ներկայացնում են որպես անվտանգության կարևոր երաշխիք։ Ըստ նրա՝ հնարավոր հեռանկարների հետ մեկտեղ, այդ նախագիծը կարող է Հայաստանի համար նաև նոր սպառնալիքներ ստեղծել։ Մասնավորապես, նա հղում է արել իրանցի բարձրաստիճան գեներալի այն հայտարարությանը, թե Թեհրանը հյուսիսում թույլ չի տա ԱՄՆ-ի այնպիսի ներկայություն, որն Իրանը թույլ չտվեց ստեղծել հարավում՝ Պարսից ծոցի տարածաշրջանում։ Այս ֆոնին Մանուկյանը կարծում է, որ նման լայնամասշտաբ նախագիծ իրականացնելիս Երևանը անպայման պետք է հաշվի առնի հարևանների դիրքորոշումը։