Երեք մարդ, որոնց թվում՝ մեկ երեխա, զոհվել են, երբ Ամերիկայի Նյու Մեքսիկո նահանգում գտնվող նավախո ժողովրդի տարածքում ջրհեղեղի ջրերը նրանց քշել-տարել են, հայտնում է NBC News-ը։

Ջրից քշված մարդկանց մասին հաղորդումը ցեղային ոստիկանություն է ստացվել չորեքշաբթի մոտավորապես 00:30-ին։ Միջադեպը տեղի է ունեցել նահանգի հյուսիս-արևմուտյան Նյուքոմբ բնակավայրի մոտ՝ մեկ օր տևած հորդառատ անձրևներից հետո, որոնք հանգեցրել էին ճանապարհների և այլ տարածքների հեղեղման։ Գիշերը տեղումները շարունակվել են։

Փրկարար ծառայությունները սկսել են որոնողական աշխատանքները և հայտնաբերել երկու չափահասի և մեկ երեխայի մարմինները։ Դեպքի հանգամանքները քննվում են։ Այլ մանրամասներ իշխանությունները առայժմ չեն հրապարակում։

Նավախո ժողովրդի նախագահ Բու Նիգրենը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շնորհակալություն հայտնել փրկարարներին, որոնք ամբողջ գիշեր աշխատել են բարդ և վտանգավոր պայմաններում։

ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը Ալբուքերկեում երեքշաբթի նախազգուշացրել էր բազմաթիվ ամպրոպների մասին, որոնք սպասվում էին տարածաշրջանում առաջիկա օրերին։ Չորեքշաբթի օդերևութաբանները կրկին հայտնել են հորդառատ տեղումների պահպանվող վտանգի մասին և նշել, որ մթնոլորտային խոնավության մակարդակը կարող է մոտենալ սեպտեմբերի կեսի համար ռեկորդային ցուցանիշներին։

Հանկարծակի ջրհեղեղների մասին նախազգուշացումներն արվում էին Նյու Մեքսիկոյի հյուսիս-արևմուտքի որոշ շրջաններում։ Հորդառատ անձրևներ էին կանխատեսվում նաև Four Corners տարածաշրջանում, որտեղ հատվում են Նյու Մեքսիկոյի, Արիզոնայի, Յուտայի և Կոլորադոյի սահմանները։ Արիզոնայի կենտրոնական և հյուսիսային շրջաններում հայտարարվել էր հանկարծակի ջրհեղեղների վտանգի դիտարկում։

Նիգրենը բնակիչներին կոչ է արել առանձնահատուկ զգուշություն պահպանել՝ նշելով, որ իրավիճակը կարող է արագ փոխվել, իսկ ջրի հասքը վտանգավոր է նույնիսկ լավ ծանոթ վայրերում։

Նավախո ժողովրդի տարածքում երեք մարդ մահացել են Մեծ կիրճի շրջանում ջրհեղեղից մի քանի շաբաթ անց։ Այն ժամանակ հորդառատ անձրևների պատճառով ջրի հոսքերը անցել էին Բրայթ Էնջել Քրիք կիրճով, զոհվել էր երեք զբոսաշրջիկ , փրկվել էին տասնյակ մարդիկ։