ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր՝ դեկտեմբերի 15-ին, եռօրյա աշխատանքային այցով ժամանում է Մոսկվա։ Սա Դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռասմուսենի առաջին այցն է Ռուսաստան։
Չորեքշաբթի նախատեսված են գլխավոր քարտուղարի հանդիպումները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Բացի այդ, Ռասմուսենը կհանդիպի նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Սպասվում է, որ բանակցություններում հիմնականում կքննարկվեն Աֆղանստանի իրադրությունը, հրթիռային պաշտպանության հարցերը, ինչպես նաեւ եվրոպական անվտանգության նոր հայեցակարգի մասին Ռուսաստանի առաջարկը։ Նախկինում ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարել էր, որ Դաշինքը Ավֆղանստանի հարցում Ռուսաստանից ավելի մեծ օգնություն է ակնկալում, մասնավորապես՝ Աֆղանստանի վերականգնման առումով, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը։
Ինքը՝ Ռասմուսենը, մինչ Մոսկվա մեկնելը հայտարարել է, թե մտադիր է նախագահ Մեդվեդեւի հետ քննարկել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերականգնման հարցը, որոնք լրջորեն խաթարվել էին ռուս-վրացական հակամարտությունից հետո։




























