Ճապոնիայի զինված ուժերում, որոնք զորակոչի հետ կապված դժվարությունների են բախվում, կարող են սկսել ներդնել ֆիզիկական արհեստական բանականությամբ (ԱԲ) օժտված մարդանման ռոբոտներ։ Երկրի իշխանություններն այժմ ուսումնասիրում են այդ հնարավորությունը, գրում է Japan Today-ը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության և իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) աղբյուրներին։ Նշվում է, որ նման ռոբոտները կարող են կիրառվել «ոչ մարտական իրավիճակներում», այդ թվում՝ ռազմաբազաների պարեկության և նյութատեխնիկական ապահովման գործում, ինչը թույլ կտա կրճատել երկրի Ինքնապաշտպանության ուժերի անձնակազմի թվաքանակը։

Գործակալության զրուցակիցների փոխանցմամբ՝ այս աշխատանքները ղեկավարում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության Գնումների, տեխնոլոգիաների և լոգիստիկայի գործակալությունը։ Նախատեսվում է մրցույթ անցկացնել, որի ընթացքում մասնավոր ընկերությունների և համալսարանների մշակած հումանոիդ ռոբոտները կցուցադրեն իրենց հնարավորությունները։ Աղբյուրների համաձայն՝ ապագայում նման սարքերը կարող են ներգրավվել նաև հետախուզական և փրկարարական գործողություններում։ Կառավարությունը ծրագրում է տարեվերջին վերանայել պաշտպանության և անվտանգության ոլորտի առանցքային փաստաթղթերը, որպեսզի հնարավոր դարձնի ԱԲ-ի որպես երկրի պաշտպանունակության ամրապնդման հիմնական գործոնի ավելի լայն կիրառումը։

Ֆիզիկական ԱԲ-ի համակարգերը, որոնցով զինված են նման ռոբոտները, թույլ են տալիս վերլուծել սենսորների ու տեսախցիկների միջոցով հավաքագրված տեղեկատվությունը և կատարել տարբեր տեսակի առաջադրանքներ։ Այդուհանդերձ, ինչպես նշում է Japan Today-ը, իշխանությունները նախկինի պես զգուշավորությամբ են վերաբերվում մարտական գործողություններում ԱԲ-ի կիրառմանը։ Սա պայմանավորված է այն ռիսկով, որ տեխնոլոգիան կարող է շփոթել յուրայիններին ու հակառակորդին կամ մարտական գործողությունների մասնակիցներին՝ խաղաղակիացների հետ, և հակառակը։

«Մենք չենք ակնկալում, որ ֆիզիկական արհեստական բանականությամբ և զենքով զինված մարդանման ռոբոտները կկիրառվեն մարտական գործողությունների ընթացքում», — հայտարարել է ԼԴԿ անվտանգության հանձնաժողովի բարձրաստիճան ղեկավարներից մեկը։ Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է, որ ԱԲ-ն կարող է արդյունավետ գործիք դառնալ «սահմանափակ անձնակազմով իրականացվող գործողությունները փոխարինելու կամ լրացնելու համար»։