Խարբերդի մանկատունը հայտնի է որպես իր բնակիչներին շատ լավ պայմաններ առաջարկող և լավ մթնոլորտով մանկատուն, իմ աշխատած տարիներին որևէ նման դեպք չի գրանցվել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության փոխնախարար Լուսինե Քոչարյանը՝ անդրադառնալով Խարբերդի մանկատանը գրացված աղմկահարույց դեպքին, երբ խնամքի հերթապահ դայակը բռնություն էր կիրառել հաշմանդամություն ունեցող մանկատան շահառուի նկատմամբ։

Նշենք, որ Լուսինե Քոչարյանը ժամանակին եղել է այդ մանկատան տնօրենի պաշտոնակատարը։

«Դեպքը անմիջապես արձանագրվել է ներկայիս ղեկավարության կողմից և անմիջապես հայտնվել է իրավապահներին։ Ես սա գնահատում եմ որպես շատ լուրջ կանխարգելիչ միջոց, որտեղ ղեկավարությունը 5 վայրկյան չի վարանել դեպքի մասին բարձրաձայն խոսելուց և հայտնելուց»,–ասաց նա։

Հարցին՝ իր աշխատած տարիներին այդ դայակը աշխատելի՞ս է եղել մանկատանը, փոխնախարարը պատասխանեց, որ չի հետաքրքրվել դրանով և տեղյակ չէ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ–ում խնամքի հեթապահ դայակը բռնություն էր կիրառել հաշմանդամություն ունեցող մանկատան շահառուի նկատմամբ։ Հարուցվել է քրվարույթ, դայակի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ խնամքի հերթապահ դայակը մանկական ուղեղային կաթված ունեցող, բանավոր խոսքին չտիրապոտող, հաղորդակցվել չկարողացող, խնամքի կարիք ունեցող և այդ առումով՝ իրենից կախվածության մեջ գտնվողին հարվածներ է հասցրել, վերջինս գետնին է ընկել։ ԱՅնուհետև դայակը հատակը մաքրող փայտով է բամաթիվ հարվածներ է հասցրել նրա մեջքին, ողնաշարին։

Դայակի դաժանության մասին առաջինն արձագանքել է տնօրինությունը՝ դիմելով իրավապահներին և ազատելով դայակին աշխատանքից։

Դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում։