Ես չեմ կարծում, որ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կապել ռուսական ռազմաբազայի տեղակայման հետ, դա քաղաքական քննարկման թեմա է, որը բացել է ռուսական կողմը, հայկական կողմն էլ ասել է, որ այդ քննարկմանը պատրաստ է յուրաքանչյուր ելքով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ 

«Ես չեմ տեսնում Թուրքիայից վտանգ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը սպառնում է։ 2025–ի օգոստոսի 8-ից սկսած ընդհանրապես որևիցե վտանգ չեմ տեսնում և չեմ ուզում կապել ռազմաբազայի հարցը Թուրքիայի հետ»,–ասաց նա։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ռուսական ռազմաբազան մնում Հայաստանում, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Հարցրեք ռուսական կողմին, ես որևիցե բան ասելու չունեմ, մենք նման հարց չենք քննարկում, չենք քննարկել։ Դա իրենց օրակարգ բերված հարցն է, որի յուրաքանչյուր ելք մեզ համար ընդունելի է»։

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնրակել է, որ եթե ռուսական կողմը գազի գինը բարձրացնի, Հայաստանը կարող է վարձավճար պահանջել ռազմաբազային տրամադրվող ծառայությունների դիմաց, Ալեն Սիմոնյանն ասաց. «Այ դրա համար պետք է մի հատ գույքագրել մեր ունեցած հարաբերությունները, հասկանալ։ Տեսեք, հայ-ռուսական հարաբերությունների մեջ դուք հիմնականում մատնանշում եք բացասական կողմերը, բայց մենք ունենք բազմաթիվ կետեր, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը համագործակցում են, և Հայաստանը իր հերթին շատ մեծ օգուտներ է տալիս Ռուսաստանի Դաշնության տնտեսությանը»։