Կանադայի կառավարության ղեկավար Մարկ Քարնին հաստատել է, որ երկրի իշխանությունները դեռևս վերջերս դիտարկում էին ԱՄՆ-ի կողմից ռազմական հարձակման սցենարը։ Վարչապետը նշել է, որ ամերիկյան ներխուժումը չի կարելի համարել ամենահավանական սցենարը, սակայն այն ընդհանրապես հաշվի չառնելը «անպատասխանատու կլիներ»։ The New York Times-ին տված հարցազրույցում Քարնին դա անվանել է սովորական «ռիսկերի կառավարում»։
Կանադայի վարչապետի մեկնաբանությունը հնչել է ընդամենը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել էր ավելի սերտ կապեր ԵՄ-ի հետ, գրում է Bild-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ քայլն հնարավոր «թշնամական ակտ» է անվանել։
Օտտավայի և Վաշինգտոնի հարաբերությունները վերջին ամիսներին լրջորեն սրվել են։ ԱՄՆ-ը մի շարք կանադական ապրանքների նկատմամբ սահմանել է 50-տոկոսանոց մաքսատուրքեր, իսկ Դոնալդ Թրամփը բազմիցս խոսել է Կանադան 51-րդ նահանգի վերածելու հնարավորության մասին։
Միևնույն ժամանակ երկրները պատմականորեն սերտ հարաբերություններ ունեն և աշխարհի ամենաերկար չպաշտպանված ցամաքային սահմանը։ Միաժամանակ ռազմական ներուժի տարբերությունը հսկայական է․ ԱՄՆ-ն ունի շուրջ 1,3 միլիոն ակտիվ ծառայության զինծառայող, իսկ Կանադան՝ մի փոքր ավելի քան 100 հազար կանոնավոր և պահեստազորային ուժեր։





























