Բրիտանական PFC աճուրդը վաճառքի է հանել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի արյամբ սրվակը: Ներկայումս լոտի համար առաջարկում են 6 հազար ֆունտ սթեռլինգից ավելի, հայտնում է Telegraph-ը: Անսովոր լոտի հետ վաճառքի է հանվել նաեւ Ռեյգանի անունով բժշկական համազգեստը, որն օգտագործվել էր անալիզների գրանցման համար:
Ինչպես հայտնում է «Ռոսիսկայա գազետան», 1981 թվականի մարտի 30-ին վաշինգթոնյան «Հիլթոն» հյուրանոցի մուտքի մոտ Ջոն Հինքլիի կրակոցից հետո Ռեյգանին տեղափոխել էին հիվանդանոց` ներքին արյունահոսությամբ եւ թոքի վնասվածքով: Չկայացած մարդասպանը հոգեկան հիվանդ էր ճանաչվել եւ ուղարկվել հոգեբուժարան, որտեղ էլ գտնվում է մինչեւ օրս: Հաղորդվում է, որ սրվակի վաճառողն է հիվանդանոցի լաբորատորիայում աշխատող կնոջ որդին, որտեղ տեղափոխվել էր Ռեյգանը:
Մինչդեռ, աճուրդը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել ԱՄՆ-ի 40-րդ նախագահի հետեւորդների մոտ: Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոն Հոյբուշը հայտարարել է, որ դա «ստորություն է» եւ խոստացել է խանգարել աճուրդի անցկացմանը:
Հոյբուշը դիմել է հիվանդանոց, որտեղ նախագահին բժշկական օգնություն են ցուցաբերել, պահանջելով անմիջապես սկսել կատարվածի հետաքննություն: Հիվանդանոցի աշխատակազմն ապշել է, որ սրվակը կարող է մասնավոր ձեռքերում հայտնված լինել:




























